2014թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հարցրել է. «Էս ի՞նչ բյուջե է: Եկամուտներին վերաբերում է մեկ էջ, ՀՀ Սահմանադրությամբ` բյուջեն եկամուտներ ու ծախսեր են, բայց այս բյուջում չկա անգամ բացատրություն աճի վերաբերյալ, չկա ճյուղ առ ճյուղ եկամուտների վերլուծություն, ճյուղ առ ճյուղ ծախսերը ներկայացված չեն, չկա ըստ հարկատեսակների կանխատեսում»: Հրանտ Բագրատյանը խնդրել է անդրադառնալ նաև վարչապետի հայտարարությանը. «Ինչո՞վ կարող եք բացատրել վարչապետի այն հայտարարությունը, որ համաշխարհային տնտեսության աճը նվազել է, ինչպե՞ս եք դա ապացուցում: Դեֆիցիտը 1,6 տոկոսից, եթե հիշողությունս չի դավաճանում, բարձրացրել եք 2,3 տոկոսի: Անցյալ տարի բյուջեն քննարկելիս ես ասացի 1,6 տոկոսից բարձրացրեք 2 տոկոսի` թոշակները բարձրացնելու հաշվին, էսօր ասում եք էն՝ ինչ ես ասում էի անցյալ տարի: Ձեր նախկին նախարարն ինձ ասաց՝ բա դա լիբերալի խո՞սք է դեֆիցիտը բարձրացնելը: Վաչե Գաբրիելյանն էլ վկա։ Ի՞նչն է պատճառը, ի՞նչ է փոխվել ձեզ մոտ, որ մեզ հետ քննարկմանն ասում եք ոչ, իսկ հետո բերում եք՝ մտցնում եք։ Սեփական գաղափարները չկա՞ն»:
Հրանտ Բագրատյանը հայտարարեց նաև, թե իրականում ծրագրային բյուջետավորում չկա. «Դա բլեֆ է, դրանք խոսքեր են, փաստով չի ապացուցվում, բյուջեն նույնն է, ինչ նախորդ տարի»։ Հրանտ Բագրատյանի հաջորդ հարցը Էներգետիկ ճգնաժամի պատճառով տնտեսական աճի դանդաղ տեմպի մասին է եղել. «Ասացեք խնդրեմ, միավոր պայմանական վառելիքը ինչքան է եղել 2012 թվականին և 2013-ին»: ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն էլ պատասխանել է, թե եկամուտների մասով դիտողությունը ճիշտ չէ և հավաստիացրել է, որ այն ամենևին էլ մեկ էջ չի կազմում, թեև չի կարողացել հիշել, թե քանի էջ է կազմում եկամուտների մասով հավելվածը: «Բայց հաստատ մեկ էջ չի, ես հիմա դժվարանում եմ ասել քանի էջ է, բայց հաստատ մեկ էջ չի: Հարկատեսակ առ հարկատեսակ կա այնտեղ, ուրիշ հարց է, որ ձևը կարող է լավը չլինել կամ ընդունելի չլինել: Կարող ենք նստել՝ առանձին ծախսատեսակները քննարկել»,- առաջարկել է նախարարը:
Էմմա Պալյան