Էմիլիա Ռոմանիա իտալական նահանգի խորհրդի պատգամավորները մեղադրվում են պետական միջոցները վատնելու մեջ՝ դրանք ծախսելով սեփական կարիքների համար։
Ոստիկանությունը նման մեղադրանք է ներկայացրել՝ ուսումնասիրելով մոտ 40 հազար փաստաթուղթ։ Մեղադրանք առաջադրվել է Դեմոկրատական, Ժողովրդական ազատության կուսակցություններին և «Աստղերի» շարժմանը։ Ըստ այդ փաստաթղթերի՝ պատգամավորները պետական ծախսերի մեջ ներառել են իրենց անձնական ծախսերը, այդ թվում, օրինակ, պանրի և մսամթերքի գնումը, իսկ պատգամավորներից մեկը հասարակական զուգարանից օգտվելու համար վճարված 50 ցենտը նույնպես հետ է ստացել պետությունից։
Տեղեկացնենք նաև, որ իտալացի պատգամավորներն ամենաբարձր վարձատրվողներն են Եվրոպայում։