Երգչուհի Իվետա Մուկուչյանն ընդունել է պատգամավոր Հրաչյա Հակոբյանի մարտահրավերը եւ ինքն էլ իր հերթին մարտահրավիրում է եւս 3 հոգու:
Մուկուչյանը իրեն նետված մարտահրավերն ընդունելուց հետո գրանցվել է himnadram.org կայքում եւ սկսած դեկտեմբեր ամսից՝ ամեն ամիս հիմնադրամին իր հաշվից ավտոմատ փոխանցվելու է 10.000 դրամ: «Սիրով ընդունում եմ Հրաչյա Հակոբյանի մարտահրավերը: Մարտահրավերն ուղղում եմ Արմենչիկին, Սուպեր Սաքոյին եւ Գարիկ Պապոյանին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհին:
Հրաչյա Հակոբյանը ընդունել էր քրոջ՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մարտահրավերը ու մարտահրավիրել դերասաներ Խորեն Լեւոնյանին, Սոս Ջանիբեկյանին եւ երգչուհի Իվետա Մուկուչյանին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին վարչապետը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարեց, որ մարտահրավեր է նետում աշխարհի 3 հայի՝ Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին, Ալեքսիս Օհանյանին՝ առաջարկելով ամեն ամիս 23 դոլար փոխանցել հիմնադրամի հաշվեհամարին: Եվ նրանցից յուրաքանչյուրն իր հերթին պետք է մարտահրավեր նետեր եւս 3 հայի եւ դա աներ հրապարակային: