Իսրայելի պաշտոնյաները հերքել են այդ երկրի կապը Բեյրութում Իրանի դեսպանատան դիմաց տեղի ունեցած պայթյունների հետ։ Հիշեցնենք, որ նախօրեին ավելի քան 20 մարդու կյանք խլած կրկնակի ահաբեկչությունը կազմակերպելու մեջ Իրանի Իսլամական Հանրապետությունը մեղադրեց հրեական պետությանը։ Զոհվածների մեջ է դեսպանատան մշակութային կցորդը։
«Մեզ մեղադրում են այն ամենում, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում։ Երբեմն կան բաներ, որոնց համար պատասխանատու ենք, քանի որ դրանք կապ ունեն Իսրայելի անվտանգության հետ, սակայն Իսրայելի անվտանգությունը չի շահում Բեյրութում կազմակերպված արյունահեղությունից», — ասել է Իսրայելի խորհրդարանի անվտանգության և միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ցախի Հանեգբին։ Հաղորդում է Xinhua գործակալությունը։
Հիշեցնենք նաև, որ ահաբեկչությունից ժամեր անց դրա պատասխանատվությունը ստանձնեց «Ալ-Կաիդայի» խմբավորումներից մեկը։