Իսպանական Ալիկանտե նահանգի Մանֆորտե դել Սիդ քաղաքում որոշել են վերադառնալ 20-րդ դարի սկիզբ։ Քաղաքային իշխանություններն ընդունել են Hipomóvil ծրագիրը, որով նախատեսվում է աղբահանության մեխանիկական միջոցները փոխարինել ձիերով։
Նրանք գտնում են, որ աղբահանության ժամանակակից միջոցների վրա տարեկան ծախսվում է 400 հազար եվրո, մինչդեռ սայլակների օգտագործումը, որոնք քաշելու են ձիերը, քաղաքային բյուջեի վրա երկու անգամ պակաս կնստեն։ Քաղաքային իշխանությունները նշել են, որ այս համակարգն արդեն մի քանի տարի հաջողությամբ գործում է Ֆրանսիայի և Բելգիայի մոտ 80 շրջաններում։ Նախաձեռնության հեղինակները բերում են հետևյալ թվերը․ տարեկան մեկ բեռնատար պահելու համար անհրաժեշտ է 5-7 հազար եվրո, իսկ ձիու համար՝ 900-1200 եվրո։ Մեկ բեռնատարն արժե 125 հազար եվրո և այն կարելի է շահագործել մոտ 10 տարի, մինչդեռ ձիերն ու սայլակները միասին կարժենան 6 հազար եվրո, իսկ քաղաքին մեկ ձին կծառայի մոտ 20 տարի։