Այսօր «Կոնգրես» հյուրանոցում գումարվեց «Իսկական հանրային հեռուստաընկերություն» ստեղծելու նախաձեռնության առաջին նիստ քննարկումը: Նախաձեռնող խմբի ներկայացուցիչներ Լևոն Բարսեղյանը, Մեսրոպ Հարությունյանը, Բորիս Նավասարդյանը ներկայացրեցին հեռուստաընկերության ստեղծման անհրաժեշտության պատճառները: « Սա իսկապես բաց, հանրային նախաձեռնություն է, հին գաղափար է, որը տարիներ շարունակ փայփայել ենք եւ ինչ-որ պահի, որոշել միս ու արյուն տալ եւ հասկանալ` հանրությունը պաշտպանո՞ւմ է արդյոք իսկական հանրային հեռուստաընկերության գաղափարը»,- նշեց Լևոն Բարսեղյանը : Բանախոսները միանշանակ նշեցին, որ ներկայիս հանրային հեռուստաընկերությունը այդպես էլ չդարձավ հանրային և ընդհանուր առմամբ իրական լրատվություն արտահայտող լրատվամիջոց, որը կներկայացներ օբյեկտիվ լրատվություն և չէր ուղղորդվի համապատասխան շրջանակների կողմից: Բանախոսները շեշտեցին, որ նախաձեռնությունը լինելու է հրապարակային և թափանցիկ և այս առումով առաջիկայում ևս կազմակերպվելու են նման քննարկումներ, որոնք ընդգրկելու են լայն հանրային շրջանակներ: