Իջեւան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանի հրաժարականի մասին գրել էինք: Պատճառը դեռ հայտնի չէ, քանի որ նրա հեռախոսն արդեն մի քանի ժամ է՝ անջատված է:
Իջեւան համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Բորիս Թանանյանին Araratnews.am-ը հարցրեց՝ պարոն Ղալումյանը հրաժարականի պատճառների մասին աշխատակազմին ասե՞լ է: «Ոչ, առավոտյան աշխատանքի է եկել, ասել՝ ՏԻՄ օրենքի էս ինչ կետի համաձայն դադարեցնում եմ աշխատանքս»,- պատասխանեց համայնքապետարանի ներկայացուցիչը:
Մամուլը գրեց, որ Ղալումյանի հրաժարականի պատճառը Իջեւանում տեղի ունեցած դեպքերն են՝ ծառահատումներ, անկարգություններ: Օրերս էլ քաղաքապետի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ էր հարուցվել: Արդյոք սրանց պատճառո՞վ է հրաժարական տվել: Բորիս Թանանյանը դժվարացավ ասել: «Ես լրագրող չեմ, որ ենթադրություններով առաջնորդվեմ»,- պատասխանեց նա:
Սպասելի՞ էր Վարդան Ղալումյանի հրաժարականը: Ոչ՝ պատասխանեց Իջեւան համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Սոնա Դավթյան