Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի նախագահի հարցի քննարկման ժամանակ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել է, որ Վերահսկիչ պալատը չի կարող անկախ մարմին լինել, ինչքան էլ որ այդ մասին հայտարարում են:
«Դուք լուրջ դեմքով ասում եք՝ անկախ մարմին եք, մենք էլ լուրջ դեմքով ձևացնում ենք, թե հավատում ենք, սա ընդամենը բեմականություն է: Կոմսոմոլից սկսած դուք միշտ եղել եք նոմենկլատուրա: Չեմ էլ կասկածում, որ եթե Շանթ Հարությունյանը գա իշխանության, դուք ցեղակրոնության ամբիոնի վարիչ կարող եք դառնալ»,- նկատել է Ալեքսանդր Արզումանյանը:
Նա նաև հիշեցրել է, որ բոլոր պետական մարմիններն են հայտարարում, թե անկախ են, իսկ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը բոլորովին վերջերս ասում էր, որ Հայաստանում շաքարավազի մենաշնորհ չկա, քանի որ Կոկա-կոլան իր արտադրանքի համար շաքարավազ է բերել Հայաստան: «Դա նույնն ա, որ ասես քաղաքացի Կիրակոսը շաքարաքլոր ա բերել Ֆրանսիայից ու վերացրել մենաշնորհը»,- կատակեց Արզումանյանը:
ԱԺ պատգամավորը իր ելույթում ասել է, որ Իշխան Զաքարյանի գործունեությունը նման է նրան, որ ասեն, թե քրեակատարողական հիմնարկի սմենի պետը հսկում է քրեակատարողական հիմնարկի ներքին խնդիրները: Նա նշել է, որ Իշխան Զաքարյանը այս մեծ քրեակատարողական հիմարկի պետն է, չի կարող անկախ գործել: «Սա նշանակում է կոչվում, իսկ անկախ մարմինների ղեկավարներին չեն նշանակում»,- այսպես է եզրափակել իր ելույթը Ալեքսանդր Արզումանյանը:
Էմմա Պալյան