Ազգային ժողովն այսօր 69 կողմ, 31 դեմ և 6 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագիծը:
Նախքան քվեարկությունը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ իրենք դեմ են քվեարկելու այս նախագծին: Դեմ քվեարկելու մասին հայտարարել է նաև ԲՀԿ խմբակցությունը: Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իրենք կողմ են, որ նախագծով 160 հազար քաղծառայողների աշխատավարձն ավելի մեծ գործակցով բարձրանա, քան ներկայացված է նախագծում: Սակայն, նրա խոսքով, բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելն այս պահին սխալ է. «Մենք քվեարկելու ենք դեմ»:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշել է, որ իրենք կողմ են նախագծին: «Որոշ գնահատականներ խեղաթյուրում են իրավիճակը: Մեր խմբակցության տեսակետը հստակ է՝ տարիներ շարունակ առաջարկել ենք անցնել շարունակական քաղաքականությանը մեր երկրում: Մեր խմբակցությունը կողմ է այս օրենքին, վստահ ենք, որ սրանով պետական ծառայություն իրականացնող անձանց հարցերն են կարգավորվում, ոչ թե բարձրաստիճան անձանց»,- նշել է Աղվան Վարդանյանը:
Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն ասել է, որ ինքը դեմ է այս նախագծին: Նա միաժամանակ նշել է, որ աշխատավարձերի խնդրին չի կարելի մատների արանքով նայել, դա կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից:
Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ նշել է, որ ովքեր կողմ կքվեարկեն այս նախագծին, անբարոյական քայլ կանեն:
ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը հայտարարել է. «Այն մարդիկ, ովքեր գտնում են, որ պատգամավորի աշխատավարձը չպետք է բարձրանա, դեմ են բոլորի աշխատավարձերի բարձրացմանը: Եթե մեկը դեմ է համակարգին, թող նա դեմ քվեարկի»:
ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն էլ իր հերթին նշել է. «Իշխանությունն իրավունք չունի իր աշխատավարձը բարձրացնի»: Նա ավելացրել է, որ այս իշխանությունը պետք է ոչ թե իր, այլ հաջորդ իշխանության աշխատավարձը բարձրացնի: Նա որպես օրինակ բերեց ԱՄՆ-ին, որտեղ կոնգրեսը վերջերս նմանօրինակ նախագիծ է հաստատել:
Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ հայտարարել է, որ ինքն այս փուլում ձեռնապահ կմնա քվեարկությունից:
Էմմա Պալյան