Հայաստանի ՊՆ N զորամասում մահացած զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանը դեկտեմբերի 10-ի երեկոյան զանգել է հորն ու ասել, որ իրեն այլևս չեն տեսնելու ու անջատել է հեռախոսը: Չինարիում խոսում են, որ հայրն արագ հետ է զանգել, սակայն որդին արդեն մահացած է եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Վանիչկայի դասղեկ Լիանա Խաչատրյանը: «Վանիչկան երեկոյան ժամը 6-ին զանգել է մորը, հարցրել` ոնց են, որից հետո խնդրել է, որ լավ լինեն: Դրանից հետո խոսել է հոր հետ ու ասել ինքնասպանության մասին: Արամայիսը հետ է զանգել, բայց արդեն ուշ է եղել. Վանիչկան մահացած էր: Գյուղում բոլորս շոկի մեջ ենք»,- ասաց տիկին Խաչատրյանը։ 1994թ. ծնված Վանիչկան դասարանի լավագույն սովորողն է եղել, մասնակցել է օլիմպիադաների նույնիսկ մարզային մակարդակով. «Դասարանում 15 տղա են եղել, բոլորն էլ Վանիչկային ուրիշ ձև են սիրել: Հենց մի բան լինում էր, ասում էին` Վանիչկան մեզ կօգնի, կանենք»,- մեզ հետ զրույցում պատմեց դասղեկը: Տիկին Խաչատրյանի տպավորվել են Վանիչկայի շարադրությունները. «Ռոմանտիկ երեխա էր, էնպիսի շարադրություններ էր գրում, որ զարմանում էիր. գրում էր մենակության, կարոտի մասին»:
Մանրամասները`Shamshyan.com— ում