Ադրբեջանի բանկային համակարգը փլուզվեց: Մի քանի դրամատներում նշանակվել են ժամանակավոր կառավարիչներ: Ինչքան կտեւի այս վիճակը եւ այն ինչպես կազդի երկրի սպառազինության վրա:
Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ, միջազգային կառույցների գնահատականների հիման վրա, Ադրբեջանի տնտեսությունը նավթի գնի անկման պատճառով լուրջ վնասներ ունի: «ՀՆԱ-ի 35-45 տոկոսը, արտահանման գումարների 55-90 տոկոսը, պետական բյուջեի եկամուտների 55-60 տոկոսից ավելին գոյանում է նավթի առքուվաճառքից: 2020 թ-ին Ադրբեջանը նախատեսել էր 6,8 միլիարդ դոլարի եկամուտ ստանալ նավթի վաճառքից, սակայն նավթի մեկ բարելն արժե հիմա համարյա 20 դոլար, ուստի իրենց կանխատեսածը չի լինի»,- կարծում է վերլուծաբանը:
Որքանով է այս գործոնից կախված ռազմական գործողությունների սկսվելը Հայաստանի եւ Արցախի դեմ: Վերլուծաբանը դժվարացավ հստակ ասել, բայց ռազմական ծախսերի կրճատում, ըստ նրա, կլինի: «Մեր պետությունը պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի, քանի որ սադրանքի հնարավորությունը ամբողջությամբ բացառել հնարավոր չէ»,- ասաց Տարոն Հովհաննիսյանը:
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն էլ մեզ ասաց, որ նման իրավիճակը ոչ միայն պատերազմ վերսկսելու, այլեւ պատերազմից վախենալու ազդակ է՝ կախված այլ հանգամանքներից:
Վերլուծաբանը կարծում է, որ միայն բանկային համակարգի փլուզումը չի կարող լինել պատերազմ սկսելու պատճառ: «Ադրբեջանում այլ խմորումներ, խնդիրներ եւս կան: Իհարկե, բանկային համակարգի փլուզումը լուրջ ազդակ է, որին Հայաստանի պատկան մարմիններն ուշի-ուշով հետեւում են: Մի կարևոր բան կա՝ Ադրբեջանի տնտեսությունը փաստորեն փուչիկ է՝ սպառազինման տեմպեր, ռազմական ծախսեր կարող են էականորեն կրճատվել, ինչը Հայաստանի օգտին է»,- մանրամասնեց նա։ Վերլուծաբանը հավաստիացրեց՝ հիմա սահմանին հանգիստ, վերահսկելի վիճակ է: