Հարյուրավոր միլիարդների հասնող դոլարներ` առնվազն այսքան է գնահատվում 1915-1919թթ Օսմանյան կայսրությունում հայերի կրած նյութական վնասը: Ընդ որում սա սպանվածների ու տեղահանվածների ունեցած միայն գույքի ու կալվածքների արժեքն է: 1919 թվականի Փարիզի վեհաժողովում օտարեկրյա մասնագետներից կազմված հանձնաժողովը 15 մլրդ ֆրանկ է գնահատել փոխհատուցման ենթակա գումարները, որը, հաշվի առնելով արժեզրկումն ու տոկոսադրույքները`այսօր մոտավորապես նույն նշանակությունն ունի, ինչ մի քանի հարյուր միլիարդ դոլարը: Իսկ եթե հաշվի առնենք նաեւ Օսմանյան կայսրության եւ այլ երկրների դրամատներում ու ապահովագրական ընկերություններում պահվող գումարները ու նաեւ 1919-1923թթ քեմալական իշխանությունների իրականացրած հայերի ունեզրկումը` շատ ավելի տպավորիչ թիվ է ստացվում:
Հայերի թալանի հաշվին կայսրության բյուջեն, հակառակ պատերազմական ծանր պայմաններին, աննախադեպ աճ արձանագրեց: 1913-1914 թվականների 35 մլն օսմանյան ոսկու փոխարեն 1915-1916 թվականներին բյուջեն 38 մլն ոսկի էր, իսկ 1917-1918թթ-ին հասավ 85 մլն-ի` աճելով մոտ 2.5 անգամ: Եվրոպական երկրների դիվանագետների ու հետախուզությունների տեղեկություններով` կայսրությունը օսմանյան բանկերում հայերի ավանդների հաշվին իր արտաքին պարտքերն է մարել: Կան երիտթուրքական կառավարության բազմաթիվ հրահանգներ, շրջաբերականներ` հայերի լքված գույքերի հաշվառումն ու յուրացումը կանոնակարգելու վերաբերյալ:
Հայերը Օսմանյան կայսրությունում հարստության տեր էին դարձել, քանի որ թուրքերը առեւտուրն ու արհեստները երկար ժամանակ համարվում էին իշխողներին ոչ վայել զբաղմունք: Գրեթե բոլոր պետական պաշտոնները, զինվորականները, ոստկաններն ու դատական մարմինների ծառայողները մահմեդականներ էին, հիմնականում` օսմանցի թուրքեր, իսկ առեւտուրն ու արհեստները թողնված էին հպատակ քրիստոնյաներին: Արդյունքում 20-րդ դարի սկզբին Կայսրության ներմուծման 60, արտահանման 40 եւ ներքին առեւտրի 80 տոկոսը կատարում էին հայ առեւտրականները: Որոշ գնահատումներով` 1915-ին արդյունաբերական ձեռնարկությունների կապիտալի 50 տոկոսը հույներինն էր, 20 տոկոսը` հայերինը, 10 տոկոսը օտարերկրացիներինը, 5 տոկոսը` հրեաներինը եւ 15 տոկոսը` թուրքերինը:
Չկար առեւտրի մի ճյուղ, որտեղ հայեր չլինեին, բայց է´լ ավելի նշանակալի էր հայերի դերը արհեստագործության մեջ: Գորգագործությունը մուտք է գործել երկիր եւ զարգացել հայերի շնորհիվ: Մեծ հռչակ ունեին նաեւ հայ զինագործ վարպետները, ժամագործները եւ այլն: Կային արհեստներ, որով գրեթե միայն հայերն էին զբաղվում, ինչպես օրինակ կահույքագործությունը:
Շուկայական հարաբերությունների զարգացումն ու բուրժուազիայի օրեցօր աճող դերը ստիպեցին թուրքերին անհանգստանալ հայերի` օրեցօր մեծացող տնտեսական դերից: Վտանգ կար, որ մի օր էլ հայերը կսկեն գերիշխող դիրք գրավել նաեւ քաղաքական ասպարեզում: Բացի այդ` մեծ էր նախանձը հայերի նկատմամբ, որոնք, զբաղվելով արհեստներով ու առեւտրով, շատ ավելի հարուստ ու բարեկեցիկ էին ապրում, քան զինվորական ու պետական ծառայությամբ զբաղվող թուրքերը: Շատ դիվանագետներ ու գիտնականներ ինչպես համիդյան կոտորածների, այնպես էլ երիտթուրքերի իրականացրած ցեղասպանության հիմնական պատճառ համարել են այն, որ հայերը կարողացել էին իրենց ձեռքում կենտրոնացնել երկրի տնտեսական հիմնական լծակները:
Հայկ Մանուկյան