տուն Հասարակություն Ինչ էլ գրեմ, ստացվում է հայեցի. այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է...

Ինչ էլ գրեմ, ստացվում է հայեցի. այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է (տեսանյութ)

315
0

Հունվարի 22-ը  մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է։  Նա ծնվել է 1921 թվականին՝ Երևանում։

«Երբ 1924 թվականի հունվարի 21-ին Լենինը կնքեց իր մահկանացուն, Բաբաջանյանի հայրը որոշեց, որ հարևաններ, ընկերներ, ծանոթներ, բան… եթե 21-ին քեֆ անեն, կարող է ասեն, որ այ տեսեք՝ Լենինի մահվան օրը քեֆ են անում, փոխեց ամսի 22-ին։ Բայց ինքը ծնվել է հունվարի 21-ին»,- մի առիթով ասել է ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանը։ 

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյան

Երաժշտական  բացառիկ տաղանդը նրա մեջ դրսևորվել էր դեռ մանկության տարիներին: Մանկապարտեզի ավարտական խմբում փոքրիկ Առնոյի լսողությունը ստուգել ու լրջորեն երաժշտությանը նվիրվելու խորհուրդ էր տվել անձամբ Արամ Խաչատուրյանը:

Առնո Բաբաջանյանի երաժշտական կրթության ուղին սկսվել է Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցից, որն ավարտելուց հետո սովորել է կոնսերվատորիայում: 1948 թվականին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում:

Ստեղծագործական առաջին լուրջ հաջողությունը՝ «Բարձրացրեք բարեկամության դրոշները» երգով, Պրահայում կայացած երիտասարդական միջազգային փառատոնում էր: Ավելի ուշ նրա երգերն արդեն հայտնի էին խորհրդային ամբողջ տարածքում:

Ստեղծագործում էր տարբեր ոճերում՝ պոպ, ջազ և դասական:

Առնո Բաբաջանյան

«Ինչ էլ գրեմ, ստացվում է հայեցի»,- խոստովանում էր Առնո Բաբաջանյանը:

«Առաջին սիրո երգը», «Հարսնացուն հյուսիսից», «Երջանկության մեխանիկա». խորհրդային ամենասիրված ֆիլմերից շատերում հնչում են Առնո Բաբաջանյանի երգերը:

Հանրային ռադիոյի Էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Երվանդ  Երզնկյան

«Նա հսկա էր ոչ  միայն էստրադայում, այլև երաժշտության մեջ ընդհանրապես, նաև փայլուն դաշնակահար էր, ամբողջությամբ տրված էր երաժշտությանը»,- ասում է Հանրային ռադիոյի Էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը:

Ծանր հիվանդությունից հետո Առնո Բաբաջանյանը կյանքից հեռացավ 1983 թվականին՝ շարունակելով միլիոնավոր մարդկանց մեջ ապրել իր երաժշտությամբ և հիշողություններով:

«Առնոն մեծ մարդասեր էր, կատակասեր, ամեն ինչում ձգտում էր առաջնության: Նարդի, շախմատ խաղալու մեջ անգամ ոչ մի զիջում չէր ընդունում: Տաղանդավոր էր ամեն ինչում»,- պատմում են մարդիկ, ովքեր բախտ են ունեցել շփվել նրա հետ: