Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր ԱԺ-ում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետˋպարզելու, թե ինչու իրեն թույլ չեն տվել տեսակցել Շանթ Հարությունյանին: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին:«Խնդիրը հետևյալն է, ես հստակ կարող եմ ասել իմ դիրոքրոշումը, այն հետևյալն էˋ օրենքը շատ հստակ, առանց տարընթերցումների, հնարավորություն է տալիս, որ ԱԺ պատգամավորը մուտք գործի ՔԿՀ, և իրեն պարտավոր են ուղեկցել ցանկացած տեղ, որտեղ ինքը կցանկանա, խոսքը վերաբերում է նաև, օրինակ պատժախուցին, այն տեղին, որտեղ պահվում է դատապարտյալ, կամ կալանավորված, կամ ձերբակալված անձը, և ըստ էության, ես արձանագրեցի, որ իմ այդ իրավունքը չի պահպանվել, ես պարոն Թովմասյանին ասեցի, որ նշանակվի ծառայողական քննություն իր նկատմամբ ապօրինություն թույլ տված պաշտոնյաների նկատմամբ, բայց պարզվեց հակառակ բանն է տեղի ունեցել. ծառայողական քննություն է նշանակվել մեկ այլ ՔԿՀ պետի նկատմամբ, ով ինձ թույլ է տվել, որ ես տեսնեմ իքս կալանավորված անձին»,-նշել է Փաշինյանը:
Վերջինս նշել է, որ ինքը վարչապետին և արդարադատության նախարարին ասել է, որ ինքը առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ վաղը, նորից է այցելելու է ՔԿՀ, որպեսզի, ինչպես Փաշինյանն է նշել, վիզուալ տեսնի, թե ինչ արդյունք է ունեցել այսօրվա հանդիպումը. «Այսօր շատ բազմաշերտ քննարկում տեղի ունեցավ, մի քիչ դժվար է տարանջատել, թե որ մասն է ընդունում արդարադատության նախարարությունը, որ մասը չի ընդունում: Իմ հստակ դիրքորոշումը սա էˋԱԺ պատգամավորը ՔԿՀ-ում չի կարող հանդիպել որևէ սահմանափակմանˋ կալանավորի հետ հանդիպելու, նրա բողոքները լսելու առումով և այդպես շարունակ»,- նշել է Փաշինյանը: Լրագրողների այն հարցին, թե կոնկերետ ինչ բացատրություններ ներկայացվեց իրեն միջադեպի հետ կապված, Փաշինյանը պատասխանել է.«Իբր այնտեղ օրենքի մեկնաբանության խնդիր կա, և այլն, և այլն, բայց ես ասեցի, որ օրենքի մեկնաբանության խնդիր չկա: Ես մեկ տարի է, ինչ պատգամավոր եմ և նախկինում երբևէ այսպիսի խոչընդոտի չեմ հանդիպել, սա առաջին դեպքն է»: Լրագրողների հաջորդ հարցին, թե ՀՔԾ ներկայացրած դիմումից ի՞նչ սպասելիքներ ունի, ԱԺ պատգամավորը պատասխանել է.«Ակնկալիքը հետևյալն է, ես դիմել եմ կանոնակարգով սահմանված կարգով և ակնկալում եմ ստանալ ամբողջական և համոզիչ պատասխան»:
Էմմա Պալյան