տուն Հասարակություն Ինչ անի մարդը, եթե ունի կրթվելու մեծ ձգտում, սակայն չունի հնարավորություն. ...

Ինչ անի մարդը, եթե ունի կրթվելու մեծ ձգտում, սակայն չունի հնարավորություն. ֆրանսահայ հոգեբանը համալսարան բացելու մասին

315
0

Շառլ Ազնավուրը ճիշտ էր անում, որ քննադատում էր նախկին իշխանություններին, իսկ Նիկոլ Փաշինյանի կատարած կարևորագույն քայլն այն է, որ նրա առաջնորդած հեղափոխության շնորհիվ Հայաստանի քաղաքացիները դարձան ավելի համբերատար ու լավատես: Այս կարծիքին է ֆրանսահայ անվանի հոգեբան, հոգեվերլուծող, «Դեկտեմբեր 88» բարեգործական կազմակերպության համահիմնադիր Երեմյա (Հերոլդ) Ալեքսանյանը: Ինչպե՞ս է գնահատում նոր իշխանությունների աշխատանքն ու ի՞նչ նոր ծրագրերով է հայորդին ժամանել Հայաստան, պարզել ենք իր հետ ունեցած զրույցում:

Հաճախ եք գալիս Հայաստան: Այս անգամ, վստահաբար, այլ տպավորություններ ունեք: Ի՞նչ դրական փոփոխություններ եք տեսնում մեր երկրում:

Ժողովուրդը մեծ ոգևորություն ապրեց: Սփյուռքում հատկապես շատ ուրախացանք, մեզ համար Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը մեծ նշանակություն ուներ և ունի: ՀՀ քաղաքացիները, հայերը պետք է հասկանան, որ պետք չէ միանգամից մեծ ու արմատական բարեփոխումներ պահանջել Նիկոլ Փաշինյանից: Ես նրան հաճախ համեմատում եմ մի վարորդի հետ, որի մեքենան ոչ այնքան սարքին է, և որի ուղևորներն անընդհատ տրտնջում, դժգոհում և քննադատում են: Թեև պետք է նշեմ, որ հենց Փաշինյանի առաջնորդած հեղափոխության ու իր շնորհիվ հայաստանցիները դարձան ավելի համբերատար ու լավատես:

Ժողովուրդը մեծ ակնկալիքներ ու փոփոխություն է սպասում: Կրկնվեմ, այո, հայերս սիրում ենք անընդհատ բողոքել, բայց ինչն է ինձ զարմացնում, որ այժմ հայաստանցիները դարձել են ավելի համբերատար: Կարծում եմ, Փաշինյանը պետք է մեծ ուշադրություն դարձնի ժողովրդին, որովհետև մեր ամենամեծ հարստությունը Մարդն է, ՀՀ քաղաքացին:

Թերություններ ու բացթողումներ նկատե՞լ եք, եթե այո՝ ի՞նչ խորհուրդներ կարող եք տալ:

Մեզ՝ հայերիս համար շատ կարևոր է ամբողջական ու բաղձալի նշակետին հասցնել հեղափոխությունը, եթե ձախողվենք, բոլորս ենք ձախողվելու: Դա կնշանակի Հայաստանի վերջ: Շնաձկները մեզ են սպասում. թուրքերը, ադրբեջանցիները, մյուս անբարյացկամ երկրները:

Իհարկե, Փաշինյանը որոշ հարցերում իդեալական չէ, կան կադրային խնդիրներ և այլն: Բացի այդ, վարչապետը չպետք է կաշկանդվի քննադատություններից: Շատ կարևոր է, որ հատուկ ուշադրություն դարձվի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցին և այդ կոնտեքստում՝ կարևորվի, արդիականացվի հայոց բանակը, բարձրացվի հայ զինվորների բարոյահոգեբանական մակարդակը, ինչի առնչությամբ կոնկրետ մեթոդաբանություն և նախաձեռնություն ունեմ: Իր հերթին, հայ հասարակությունը, հայաստանցիները պետք է բարձրացնեն իրենց իրավագիտակցությունն ու քաղաքական իմացությունը, հասունությունը:

Երկրաշարժի տարիներից ի վեր բազում բարեգործական ծրագրեր եք իրականացրել Հայաստանում, աջակցել կարիքավոր ժողովրդին, բուժհաստատություններին տրամադրել համապատասխան նյութատեխնիկական միջոցներ և այլն: Տեղյակ եմ, որ այս անգամ ևս նոր ծրագրեր ու առաջարկություններ ունեք: Կմասնավորեցնե՞ք…

Իմ նպատակը պարզ է: Ես ցանկանում եմ իբրև հոգեբան ծառայություններ մատուցել հայաստանցիներին, աջակցել այս կամ այն հարցում, դասավանդել: Ժամանակին այցելություններ եմ ունեցել հանրապետության տարբեր շրջաններ, մանկատներ, դպրոցներ, համալսարաններ, զորամասեր և նույնիսկ քրեակատարողական հիմնարկներ՝ հոգեբանական օժանդակություն ցուցաբերելու նպատակով: Ես չեմ եկել փողի հետևից: Ընդհակառակը, եկել եմ անվճար օգնելու այն հնարավորությունների սահմանում, որոնք ունեմ իբրև մասնագետ, իբրև հայրենասեր մեկը:

Օրինակ, մի մանկական խաղ եմ ստեղծել, որի միջոցով հնարավոր է բացահայտել վաղ տարիքում երեխաների մոտ նկատվող մտահոգիչ նախանշանները, ռիսկերը: Համանման մի մեթոդ մշակել եմ բանակի, ազատազրկվածների համար: Այդ խաղը շատ ուժեղ զենք է, որ թուրքերը չունեն: Նաև գյուղատնտեսության ոլորտն է ինձ հոգեհարազատ: Ես մի հետաքրքիր, ոչ քիմիական պարարտանյութ եմ բերել Հայաստան, որի շնորհիվ ոչ բարեբեր հողերը էականորեն կբարելավվեն ու կդառնան բարեբեր: Ծրագրերը շատ են…

Կարծեմ՝ մտադիր եք նաև Հայաստանում հիմնել Ժողովրդական համալսարան: Այս մասին ի՞նչ կասեք:

Ի՞նչ անի այն մարդը, որը չունի դիպլոմ և պատշաճ կրթություն ստանալու հնարավորություն, բայց ունի կրթվելու ձգտում և ցանկություն: Ահա այս խմբի, այսօրինակ մարդկանց համար ցանկանում եմ ստեղծել Ժողովրդական համալսարան, որտեղ կամավոր հիմունքով կդասավանդեն անվանի մասնագետներ, սրտացավ մանկավարժներ, որպեսզի հասարակության կրթական մակարդակը բարձրանա՝ իր բոլոր դրական հետևանքներով: Ուսումնառուները կարող են սովորել տարբեր առարկաներ՝ պատմություն, իմաստասիրություն, քաղաքագիտություն, հոգեբանություն և այլն: Շատ լավ մասնագետների գիտեմ, որոնք ցանկանում են դասավանդել: Կուզենայի այս առաջարկը հասցնել պատկան մարմիններին, անձամբ՝ Նիկոլ Փաշինյանին, որը կրթության, գրագիտության նկատմամբ երբեք անտարբեր չի եղել:

Որպես հոգեբան, հետաքրքիր է Ձեր կարծիքը: Ինչպիսի՞ն է այժմ մեր հասարակության բարոյահոգեբանական վիճակը, ի՞նչ խնդիրներ ու մտահոգիչ երևույթներ կան:

Ժողովուրդն աստիճանաբար ինտեգրվում է հեղափոխության մշակույթին: Իշխանություններն էլ պետք է ողջամիտ չափաբաժնով մատուցեն փոփոխությունները, նոր ծրագրերը, որպեսզի հասարակական դիսբալանսի փոխարեն ստեղծվի առողջ դիսկուրս: Բայց էլի ու էլի ասեմ, ինձ վերջին մեկուկես տարում Հայաստանում հաճելիորեն զարմացնում են մարդիկ, որոնք միաբերան կրկնում են՝ պետք է համբերել: Կարծում եմ, սա հեղափոխության հանրային ամենամեծ ձեռքբերումներից մեկն է…

Զրուցեց Արա Ալոյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here