Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ավտովարորդների պաշտպանության լիգայի իրավաբան Մկրտիչ Մուրադյանն անդրադարձավ տաքսու վարորդների դժգոհությանը` կապված արագաչափ տեսախցիկների արձանագրած խախտումներին: Նա մատնանշեց մի շարք ակտեր, որոնք իրենք պատրաստվում են բողոքարկել:
«Ակտերի մեծ մասը վերաբերում է սխալ կայանմանը: Իսկ սրա պատճառը կայանատեղի չունենալու հանգամանքն է, որը մեծ մտահոգության տեղիք է տալիս: Եթե որոշակի ժամանակի ընթացքում չկարողանան խնդրին լուծում տալ, ավտովարորդները, հնարավոր է, բողոքի ցույցերի դուրս գան: Հաջորդ խնդիրը վերաբերում է տուգանքների չափերին: Ըստ մեզ` բավական բարձր են տուգանքների չափերը` համեմատած այսօրվա սոցիալ-տնտեսական պայմաններին»,- ասում է իրավաբանը:
«Հնում գոնե կային տաքսու համար հատուկ նախատեսված կայանատեղիներ, հիմա ոչ մի տեղ չկա, որ տաքսիները հանգիստ կարողանան կայանել: Իսկ խախտումները հիմնականում վերաբերում են սխալ տեղ կայանելուն»,- ասում է տաքսու վարորդ Մանվել Ավետիսյանը:
«Դիմել ենք համապատասխան մարմիններին, բայց այսօր խնդրին լուծում չի տրվել: Մամուլի միջոցով բազմիցս դիմել ենք, բայց դեռևս պատասխան չենք ստացել»,- ասում է Մկտիչ Մուրադյանը:
«Մոտ 300 կայանատեղի է պետք: Խնդրում եմ չտուգանել, քանի դեռ կառավարության կողմից համապատասխան որոշում չի կայացվել: Ինչքան տուգանք լինի, բողոքարկելու ենք»,- նշում է Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: