Բագրատունյաց 7 և 8 շենքերի բնակիչների հետ հանդիպմանը Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը ասել է, որ եթե իրականացվում է որևէ ծրագիր, ապա հնարավոր է նաև, որ մի քանի բնակիչների հարմարավետությանն էլ կպնեն: Սովետական տարիներից ժառանգություն մնացած այս վարչարարները այդպես էլ չեն կարողանում հասկանալ, որ ՀՀ սահմանադրությամբ ամրագրված է իրավական և ժողովրդավարական պետություն լինելու փաստը: Իսկ ժողովրդավարությունը ենթադրում է ոչ թե մեծամասնության շահերի գերակայությունը փոքրամասնության շահերին, այլ անհատի իրավունքների պաշտպանությունը: Անհատը և նրա իրավունքները հանդիսանում են գերագույն արժեքներ:
Այս ամենի մասին ակնարկել է բնակիչներից մեկը` ասելով, որ այս քաղաքի տերը հենց անհատ-բնակիչն է և հենց այդ բնակիչների վճարած հարկերով են վարձատրվում քաղաքապետարանի աշխատակիցները: Թերևս սա մինչ այժմ եղած քաղաքացիական պայքարների դրական հավելյալ արդյունքն է և այս միջադեպի միակ դրական կողմը: Քաղաքացու մոտ աստիճանաբար սաղմնավորվում է իր քաղաքի, երկրի տերը լինելու գաղափարը: Քաղաքացիները այլևս պաշտոնատար անձանց չեն ընկալում որպես իշխելու իրավունքով օժտված անձանց, այլ խոսում են վերջիններիս հետ տիրոջ իրավունքով:
Բնական է, որ նման հարցադրումը պետք է առաջացներ գիտակցական մակարդակում 90-ականների սկզբներից այդպես էլ զարգացում չապրած փոխքաղաքապետի ոչ ադեկվատ ռեակցիան: Վերջինիս համար ընկալելի չէ ինքնուրույն քաղաքացու առկայությունը: Ավտորիտար համակարգում գործող նման չինովնիկների մեջ դեռևս նստած է այն կարծրատիպը, որ ցանկացած գործողություն, հայտարարություն պետք է հրահանգավորված և ուղղորդված լինի «վերևների» կողմից: Սրա մասին է վկայում վերջինիս պատասխանը քաղաքի տերերին. «Էս քեզ ուղարկե՞լ են։ Ուղարկե՞լ են Ձեզ»:
Սա միակ դեպքը չէ, երբ վարչախմբի ներկայացուցիչները ցանկացած բողոքի, գործողության հետևում փորձում են գտնել ինչ-որ մեկի ականջները: Վերջիններս հենց նման ուղղահայաց ձևով էլ տեսնում են գործընթացների զարգացումը և ռեակցիան էլ լինում է այդ տրամաբանության մեջ:
Իսկ քաղաքացին աստիճանաբար սկսում է իրեն տեր զգալ այս երկրում և մինչև վարչախումբը կփորձի գտնել երկրի տեր քաղաքացու հետևում թաքնված ականջները, քաղաքացին կնվաճի տիրոջ իր իրավունքը:
Հ.Գ. Փոխքաղաքապետը կարծում է, որ եթե բնակիչները մինչեւ հիմա դիմացել են շենքի տակ կանգնող մարմնավաճառներին, ուրեմն կամուրջի վրայով անցնողների հայհոյանքներին կդիմանան առանց դժվարության։ Այսինքն, եթե մեկ անգամ բնակիչները տուժել են նույն վարչախմբի ներկայացուցիչների անգործության պատճառով, ապա կարող են հետագայում էլ խախտվել վերջիններիս իրավունքները: Փաստորեն, ռեժիմի ներկայացուցիչները արդեն չեն վարանում արտահայտել իրենց դիրքորոշումը հանրության հետ հարաբերություններում. «ինչքան կդիմանան, էնքան խփենք»:
Նույն հաջողությամբ միգուցե հանրությունը առաջարկի քաղաքապետարանին և գծատերերին, որ եթե մինչև հիմա 100-ով քշել եք, սրանից հետո պետք է 70-ով քշեք:
Նարեկ Ամյան
Տեսանյութը` News.am-ի