տուն New Year News Ինչքան է ծախսում Արսեն Սաֆարյանը Ամանորին

Ինչքան է ծախսում Արսեն Սաֆարյանը Ամանորին

400
0

Araratnews.am-ը ամանորյա հարցազրույցների շարք է սկսել հայ հայտնիների, քաղաքական գործիչների հետ: Մեր զրուցակիցը երգիչ Արսեն Սաֆարյանն է:

Արսեն, ինչպե՞ս եք նշելու այս տարի Ամանորը:

Աշխատանքային, այնուհետեւ՝ տանը:

Նախորդից այն ինչո՞վ է տարբերվելու:

Ամանորը նախորդ չի լինում: Ամանորն ինձ համար ամեն տարի հեքիաթ է:

Հատուկ կերակրատեսակ, խմիչք կա՞, կամ ավանդույթ, որին հետեւո՞ւմ եք:

Չէ, չկան: Սիրում եմ «Մայրաքաղաքային» աղցանը, բլինչիկները: Բոլորի նման ես էլ, զանգերը, երբ խփում են, երազանք եմ պահում:

Հիշարժան ուրախ Ամանորը Ձեր կյանքում:

Իմ կյանքում Ամանորը տարբեր է եղել: Եղել է, որ ընտանիքով ենք նշել, ընտանիքիցս հեռու եմ եղել, դրսում եմ եղել: Բայց ինձ համար հաճելի Ամանորը տանը՝ ընտանիքով նշելն է, որովհետեւ դա է ավանդական:

Եղե՞լ է, որ Ձեր երեխաների համար Ձմեռ պապիկ լինեք:

Ոչ (ծիծաղում է- հեղ): Երեխաներս միանգամից ինձ կճանաչեին:

Ամանորյա նվերները Դո՞ւք եք ընտրում, թե՞ վստահում եք ուրիշին:

Ես ու կինս ենք ընտրում, խորհրդակցում ենք, թե ում ինչ նվեր պետք է տանք:

Ձեր մասնակցությունը՝ ամանորյա սեղանի պատրաստմանը կամ ամանորյա գնումներին:

Ամբողջությամբ մասնակցություն է: Մենակ առեւտուրը մասնակցություն է (ծիծաղում է- հեղ.): Որ ասեմ՝ խոհանոցից դուրս չեմ գալիս, սուտ կլինի (ծիծաղում է- հեղ):

Ինչպիսի՞ նվերներ եք սիրում ստանալ եւ տալ Ձեր հարազատներին:

Սիրում եմ մարդուն բնորոշ նվեր, այսինքն՝ հաշվի եմ առնում մարդու նախասիրությունները: Եթե կարող է այդ հասարակ բանից ուրախանալ, կարող եմ այդ հասարակը նվիրել: Նվեր ստանալու մասին չեմ մտածում:

Ինչքա՞ն գումար եք ծախսում Ամանորին:

Ժամանակը գիտի: Մինիմում 200.000 դրամ եւ ավելի:

Ձեր մանկության Նոր տարին եւ այսօրվանը շա՞տ է տարբերվում, այն ժամանակ էր տպավորիչ, թե հիմա, ի՞նչն է ավելի կամ պակաս:

Անկեղծ ասած՝ մանկության ժամանակ: Կար այն խորհրդավոր հեքիաթը, բարձի տակի տոպրակը, գուցե շատ ապրանքատեսակ չկար, բայց շատ ավելի ազատ ու երազկոտ էր: Հիմա էլ փորձում եմ այնպես անել, որ երեխաներիս համար հետաքրքիր ու հեքիաթային լինի:

Ո՞ւմ եք առաջինը զանգահարում, շնորհավորում Ամանորի գիշերը:

Եթե ծնողներս հեռու են՝ նրանց: Բայց հիմնականում ինձ հետ են լինում նրանք: Այդ դեպքում առաջինը շնորհավորում եմ եղբորս:

Ո՞ւմ եք առաջինը այցելում՝ Նոր տարին շնորհավորելու:

Չեմ այցելում (ծիծաղում է- հեղ.): Չեմ սիրում իմ տուն-քո տուն վիճակը: Նախընտրում եմ միանգամից հավաքվել մի վայրում եւ նշել Ամանորը:

Պատկերացնո՞ւմ եք Ամանորը՝ առանց բլինչիկի, խոզի բդի, տոլմաների, «ստալիչնիի»: 

Անկեղծ ասած՝ չէ: Եթե անցկացնում ես մի վայրում, որտեղ կան բուտերբրոդներ, կարելի է հասկանալ վերոնշյալ ուտեսների բացակայությունը: Բայց եթե տանն ես, առանց դրանց չի լինի: Կարող է խոզի բուդ չլինի: Դրա փոխարեն լինի հնդուհավ:

2020 թվականը սպիտակ առնետի տարի է: «Առնետից» ի՞նչ եք ակնկալում:

Ես երբեք ոչ մեկից ոչինչ չեմ ակնկալում: Ակնկալում եմ շատ աշխատել եկող տարի, որ կարողանամ շատ բաներ ստեղծել, այլ ոչ թե «առնետից» ինչ-որ բան խնդրել:

Ձեր ամանորյա մաղթանքը:

Թող մեր երկրին խաղաղություն լինի, բոլորս մի պահ գուցե մանկանանք, լիաթոք, լիարժեք Ամանոր նշենք, աշխատենք ավելի շատ ու ժպտանք:

Սոնա Դավթյան