Հաճախ շրջանառվում է այն կարծիքը, որ ցանկացած պետության մեջ առկա կառավարման համակարգը, վարչակազմը հանդիսանում են այդ հանրության արտացոլանքը։ Որոշ վերլուծաբաններ, քաղաքագետներ համաձայնում են այս տեսակետի հետ՝ համարելով որ հանրությունն է իր արժեհամակարգով ծնում լավ կամ վատ իշխանություններ, իսկ մեկ այլ տեսակետի համաձայն՝ փոփոխությունները կարող են տեղի ունենալ վերևից, և իշխանություններն են հանրությանը պարտադրում արժեհամակարգը, միմյանց և պետության հետ հարաբերվելու պայմանները։
Հայաստանյան իրականության մեջ և՛ հանրության, և՛ իշխանության լավագույն ինդիկատորը կարող է հանդիսանալ լրատվական դաշտը։ Իր մեջ ներառելով իշխանությունների կողմից ներարկվող գաղափարախոսական, արժեքային բաղադրիչները, քարոզչական տարրերը, ինչպես նաև ենթարվելով հանրային տրամադրությունների ազդեցությանը՝ այն հանդես է գալիս որպես թե՛ իշխանության, և թե՛ հանրության արժեհամակարգային ցուցիչ։ Դիտարկելով լրատվական դաշտը, մանավանդ դրա իշխանական կամ «ընդդիմադիր»-մերձիշխանական հատվածը, հնարավոր է հստակ պատկերացում կազմել վարչախմբի ներսում տեղի ունեցող խմորումների, վերադասավորումների, ներքին հարաբերությունների, ինչպես նաև խնդիրների, հարցերի մասին տեսակետների ու սպասվելիք զարգացումների մասին։
Հանրության պարագայում ընդհանուր արժեհամակարգի, հետաքրքրությունների, տիրող տրամադրությունների ցուցիչ է հանդիսանում էլեկտրոնային լրատվամիջոցներում նյութերի դիտելիությունը։ Ինչպիսի նյութերն են ապահովում ամենաբարձր դիտելիությունը, ինչ է ցանկանում կարդալ հանրությունը։ Իհարկե՛, նման ուսումնասիրության պայմաններում չենք հանգի ամբողջական պատկերի, քանի որ հանրությունը սկսում է սպառել այն արտադրանքը, որն իրեն մատուցվում է: Սակայն, միևնույն ժամանակ, այն չի ունենա սպառում, եթե չլինի շուկայական պահանջարկ:
Դիտարկելով ամենաշատ դիտելիություն ապահովող կայքերը, ակնհայտ է դառնում, որ առաջին հորիզոնականները հիմնականում զբաղեցնում են սոցցանցերից սնվող, տարատեսակ լրատվական աղբով լցվածները, իսկ լուրջ քաղաքական, գիտական, վերլուծական նյութեր, լրագրողական հետաքննություններ ներկայացնողները գտնվում են ավելի հետին հորիզոնականներում: Լրատվության բազմազանություն ապահովող կայքերի ամենադիտված նյութերի մեջ էլ մեծ տեղ են զբաղեցնում սկանդալները, այսինչի հարսանիքը, այնինչի կնունքը, ավտովթարները, կուսության մասին նյութերը և տեղեկատվական աղբի այլ ներկայացուցիչներ:
Ստացվում է, որ մեր հանրությանը հիմնականում ժամանցային բնույթի տեղեկատվության, սկանդալների ու բամբասանքների սպառող է, ինչը մեծամասամբ արտացոլում է այն արժեհամակարգը, որը կրում է հանրությունը: Կարելի է հակադարձել, թե դա է մատուցվում, սակայն աղբին զուգահեռ մատուցվող որակյալ լրատվությունը ևս չի ընթերցվում, մղվում է երկրորդական պլան:
Այսպիսով երկրի ապագան կանխագուշակելու համար պետք չէ նայել երիտասարդությանը, պետք չէ իրականացնել լուրջ կանխատեսումներ, բաժակ նայել, ուղղակի մտնեք circle.am և ուսումնասիրեք կայքերի և այդ կայքերում նյութերի դասավորվածությունը:
Սևակ Մամյան