Իրան-ԱՄՆ լարված իրավիճակը շարունակվում է: Տեղեկացրել ենք, որ Իրանի բալիստիկ հրթիռները հարվածել են Իրաքում տեղակայված այն բազաներին, որտեղ գտնվում են ԱՄՆ զորքերը:
Արդյոք այս լարվածությունը կազդի Հայաստան-Իրան, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների վրա:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Araratnews.am-ին ասաց, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի բոլոր սցենարներին: Ցանկացած պարագայում Հայաստանի համար պրոբլեմատիկ է լինելու հարևան երկրում իրադարձությունների սրումը ռազմական եւ տնտեսական ուղղությամբ: Ակնհայտ է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ը կկիրառի լրացուցիչ սանկցիաներ, որոնք կհարվածեն Հայաստանի տնտեսությանը»,- մանրամասնեց քաղաքագետը:
Նրա խոսքով՝ երկու պետությունների տարածքում ռազմական բախում չի կանխատեսվում, բայց պրոքսի պատերազմներ կլինեն, այսինքն՝ երրորդ կողմի տարածքում: Չի բացառվում՝ դա լինի նաև մեր տարածաշրջանում, ուստի պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի:
Նախորդ տարի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԱՄՆ-ում հորդորել էր Վաշինգտոնին դադարեցնել Հայաստանին ճնշել Իրանի հարցում: Արդյոք հնարավոր է ԱՄՆ-ի ճնշումների վերսկսում, եւ կարո՞ղ ենք արդյոք բալանսավորված դիրքորոշում որդեգրել: Ըստ քաղաքագետի՝ հավասարակշռված դիրքորոշումը հնարավոր է պահել միայն դիվանագիտական ճիշտ եւ զգույշ աշխատանքի շնորհիվ: «Բայց մեզ համար վտանգավոր են լինելու տնտեսական պատժամիջոցները, որոնք լուրջ վտանգ են հասցնում մեր երկրի տնտեսությանը»,- պնդում է վերլուծաբանը:
Երկու վարկած է քննարկվում՝ որպես իրանցի գեներալ Սոլեյմանիի սպանության դրդապատճառ: Առաջինն այն է, որ ԱՄՆ նախագահ Թրամփն այս քայլով ցանկանում է շեղել ուշադրությունը իր դեմ բողոքներից, իմպիչմենտի գործընթացից: Երկրորդ վարկածն այն է, որ իրանցի գեներալ Սոլեյմանիի սպանության պատվիրատուն Իսրայելն է՝ ԱՄՆ-ի դաշնակիցը: Իմպիչմենտի գործընթացը, Սուրեն Սարգսյանի խոսքով, ԱՄՆ նախագահի դեմ չի աշխատելու: Ինչ վերաբերում է Իսրայելին, նա այս գործընթացի կողքին է կանգնած. նա ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցն է:
Հիշեցնենք՝ 2020 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերը հրթիռային հարված են հասցրել Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է Ղասեմ Սոլեյմանին և Իրաքի շիա իսլամական աշխարհազորային մի քանի առաջնորդ։ Իրանը հայտարարել է՝ անպատասխան չի թողնի ԱՄՆ-ի այս քայլը: ԱՄՆ-ն էլ հայտարարել է՝ Սոլեյմանին պատասխանատու էր հազարավոր ամերիկացիների մահվան համար:
Սոնա Դավթյան