տուն Uncategorized Ինչպես է հոգեբանական վիճակն ազդում քաղցկեղի առաջացման և զարգացման վրա. մասնագետ

Ինչպես է հոգեբանական վիճակն ազդում քաղցկեղի առաջացման և զարգացման վրա. մասնագետ

394
0

Միշտ չէ, որ քաղցկեղով հիվանդները կարողանում են ինքնուրույն հաղթահարել ախտորոշումից հետո առաջացող վախն ու խուճապը: Այս հարցում նրանց օգնում են օնկոհոգեբանները: Ինչպես գրում է «Դոկտոր Պիտեր» պարբերականը, Պետրովի անվան ուռուցքաբանության կենտրոնի կլինիկական հոգեբան, Հյուսիս-Արևմուքի ուռացքաբանական ասոցիացիայի տնօրեն Մարգարիտա Վագայցևան իրենց հետ հարցազրույցում պատմել է այն մասին, թե ինչպես մարդու հուզական վիճակը կարող է ազդել քաղցկեղի առաջացման ու զարգացման վրա։

Ըստ բժշկի, կարծիք կա, թե քաղցկեղը հոգեսոմատիկ հիվանդություն է: Վագայցևան վստահ է, որ դա մոլորություն է և վախը խեղդելու ապարդյուն միջոց:

«Անցյալ դարի կեսերից ի վեր այդ հարցը մանրամասնորեն ուսումնասիրվել է արտասահմանում: Շատ լուրջ հետազոտություններ են կատարվել: Արդյունքում՝ միջազգային դասակարգիչում քաղցկեղը չի մտնում հոգեսոմատիկ հիվանդությունների կատեգորիայի մեջ»,- հայտնել է նա:

Բժիշկը նշել է, որ հոգեսոմատիկ հիվանդության դեպքում հոգեբանական գործոնի և սոմատիկ դրսևորման փոխկապվածությունը պետք է լինի արագ և անմիջական: Սակայն նրա աշխատանքի փորձը հաստատում է, որ քաղցկեղով հիվանդների օրգանիզմում նման կապ չի նկատվում:

«Հիվանդանում են շատ տարբեր ճակատագրեր ունեցող և շատ տարբեր բնույթի մարդիկ: Համոզված եմ, որ հոգեբանությունն ավելի շուտ արտացոլում է օրգանիզմի ինչ-որ համակարգային խաթարում»,- հավելել է փորձագետը:

Վագայցևան սխալ, նույնիսկ վնասակար է համարում լուրջ վերաբերվել «Միտքը նյութական է, հավատացեք ինքներդ ձեզ, և ապաքինումը կգա» կարգախոսին:

«Մարդիկ կարծում են, որ եթե լաց լինեն կամ հուզվեն, դա ավելի կվատացնի իրենց վիճակը: Նա, ով խորհուրդ է տալիս մոռանալ հիվանդության մասին, պարզապես վատ հոգեբան է: Նախ՝ դա հնարավոր չէ: Երկրորդ՝ հիվանդության անտեսումը վնասակար է. ուռուցքային զգոնությունը պետք է պահպանվի նույնիսկ ռեմիսիայի դեպքում: Մեծ հաշվով՝ երբեմն դրանից է կախված հետագա կյանքը»,- պարբերականին ասել է Մարգարիտա Վագայցևան։

Հոգեբանի խոսքերով ՝ այն առասպելը, թե միտքը նյութական է, «կենցաղային գռեհկություն է»: Միևնույն ժամանակ նա խորհուրդ է տալիս լսել սեփական մարմնին:

Բժիշկը նաև նշել է, որ քաղցկեղով հիվանդներից ոչ բոլորն ունեն հոգեբանական օգնության կարիք: Հիվանդների մեծ մասը` 60%-ը, սովորաբար ինքնաբուխ ձևով և ինքնուրույն է հաղթահարում խնդիրը, 30%-ին օգնությունը օգտակար կլիներ, և միայն 10%-ն ունի հոգեբան թերապևտների բժշկական օգնության կարիքը:

Այնուամենայնիվ, Վագայցևան կարծում է, որ յուրաքանչյուր հիվանդանոց պետք է ունենա օնկոհոգեբանների թիմ: Նրանց աշխատանքի վերջնանպատակը հիվանդների հուզական լարվածությունը հավասարակշռելն է: