Հատուկ կարծիքներից երևում է, որ Սահմանադրական դատարանը շեղվել է իրավական գործընթացներից, և Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնանկության մեխանիզմ է սկսելու Ազգային ժողովը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
«Ազգային ժողովը նախատեսում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնանկության մեխանիզմ, որը «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով նախատեսված ընթացակարգ է և հանգեցնում է դրան համապատասխան հիմքերի առկայության պարագայում Ազգային ժողովում երեք հինգերորդով կայացնել համապատասխան որոշում»,- ասաց նա։
Որո՞նք կարող են լինել հիմքերը, Վարդանյանը թվարկեց, որ դա կարող է լինել կարգապահական խախտումները, քաղաքական գործունեությամբ զբաղվելը և այլն։
Իսկ այն, որ չի քննարկվել Վահե Գրիգորյանի դիմումը, Վարդանյանը նշեց, որ դա ևս կարող է դիտարկվել որպես կարգապահական խախտում։
Խոսելով ընթացակարգերի մասին, թե ինչպես է լուծվելու Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնանկության հարցը, Վարդանյանը նշեց, որ Ազգային ժողովի խմբակցությունը ներկայացնելու է համապատասխան նախագիծ, որից հետո հարցը կբարձրացվի գլխադասային հանձնաժողովում, և միայն դրանից հետո պարզ կլինեն հետագա քայլերը։