տուն Սպորտ Ինչպես են հայերը երկրպագել Կոբի Բրայանթին և թուրքերի պատճառով «նեղացել» նրանից

Ինչպես են հայերը երկրպագել Կոբի Բրայանթին և թուրքերի պատճառով «նեղացել» նրանից

504
0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ավիավթարի հետևանքով կյանքից հեռացել է  41-ամյա պրոֆեսիոնալ բասկետբոլիստ Կոբի Բրայանթը: Նա կարիերան ավարտել էր 2016 թվականին: Մարզիկը հինգ անգամ «Լոս Անջելես Լեյքերս»-ի կազմում դարձել է NBA չեմպիոն, 2008 թ. ճանաչվել էր NBA-ի ամենաարժեքավոր բասկետբոլիստ:

Կոբի Բրայանթը տեղի հայ համայնքի սիրելին էր, որը կրքոտ երկրպագում էր «Լոս Անջելես Լեյքերս»-ին: 2010-ին բասկետբոլիստը երկու տարով գովազդային պայմանագիր կնքեց թուրքական «Turkish Airlines» ավիաընկերության հետ: Հենց այս պատճառով էլ հայ համայնքը «նեղացավ» Բրայանթից:

Պայմանագրով նախատեսված էր, որ Բրայանթը պետք է մասնակցեր ընկերության գովազդներին, և այդ հանգամանքը հաճելի չէր ոչ միայն Լոս Անջելեսի, այլև ԱՄՆ-ի և Կանադայի այլ քաղաքների հայ համայնքների ներկայացուցիչներին:

Հայերը նշել են, որ Բրայանթը չպետք է գնար նման քայլի, հաշվի առնելով, որ 1915-ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղածների մեծ թվով սերունդներ ապրում են Կալիֆոռնիայում:

Տորոնտոյի հայերը նույնիսկ հավաք էին կազմակերպել` բասկետբոլիստի Կանադա կատարած այցին ընդառաջ: Նրանց պարզած պաստառներին գրված էր. «Կոբի, ճիշտ վարվիր»:

Այնուամենայնիվ, Կոբի Բրայանթի և թուրքական ավիաընկերության համագործակցությունը կայացել էր, և նա գովազդել էր ապրանքանիշը, ընդ որում ՝ ընկերության պատկերանշանով բասկետբոլի մարզաշապիկ էր կրել:

Կոբին նկարահանվել է նաև «Turkish Airlines»-ի գովազդներում: Նրանցից մեկում նա արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսիի հետ ինքնաթիռի սրահից գովազդում է ապրանքանիշը: