Արտակարգ դրության պայմաններում, երբ բոլորը տանն են, դժվար է ճիշտ և առողջ սննդակարգով ապրելը: Այս պայմաններում առողջ սնվելու ընթացակարգի հետ կապված՝ AraratNews.am-ը զրուցել է սննդաբան Հասմիկ Աբովյանի հետ:
![](https://i0.wp.com/old.araratnews.am/wp-content/uploads/2020/04/timthumb-4.png?resize=640%2C523)
AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում սննդաբանը նշեց, որ հիմնականում պետք է բնական սնունդ ընտրել, հնարավորինս խուսափել կիսաֆաբրիկատներից, քանի որ կիսաֆաբրիկատների մեջ կան բաղադրիչներ, որոնք նպաստում են գիրացմանը և գրգռում ախորժակը: Բացի այդ՝ կիսաֆաբրիկատները թուլացնում են դիմադրողականությունն ու առհասարակ վնասում առողջությունը:
«Պետք է ընտրենք մթերքներ, որոնք հարուստ են վիտամիններով, սպիտակուցներով: Անհրաժեշտ է հետևել կալորիականությանն ու պատրաստման եղանակով չավելացնել սննդի կալորիականությունը: Հիմնականում մթերքների կալորիականությունը մենք ենք շատացնում մեր պատրաստման եղանակով, որի մեջ մտնում է մթերքները տապակելը, սննդամթերքներին մեր կողմից շատ ավելորդ ճարպեր ավելացնելը»,- նկատեց սննդաբանը:
Միևնույն ժամանակ, սննդաբանը խորհուրդ է տալիս այս ընթացքում շատ միրգ ու բանջարեղեն օգտագործել՝ քչացնելով հիմնական մթերքները: Ճարպերն անհրաժեշտ է բնական վիճակով օգտագործել՝ չենթարկել ջերմային մշակման, քանի որ ճարպերի օքսիդացման հետևանքով վնասակար կոմպոնենտներ են առաջանում:
Անկախ հանգամանքներից, ըստ սննդաբանի, ճիշտ տարբերակը օրական 5-6 անգամ սնվելն է, բայց այստեղ մի խնդիր կա. ոչ բոլորն են կարողանում «գրագետ ձևավորել իրենց ափսեն»:Օրական 5-6-անգամյա ռեժիմով սնվելու պարագայում շատ հավանական է, որ մարդիկ կգերազանցեն ընդունված սննդի նորմայի քանակը, քանի որ ոչ բոլորը գիտեն, թե որ մթերքն է օգտակար, որը՝ վնասակար:
Հասմիկ Աբովյանն ընդգծեց, որ օրական երեք անգամ մարդու օրգանիզմը պետք է հիմնական սնունդ ընդունի, իսկ երկու անգամ՝ փոքրիկ միջանկյալ սնունդ:
«Հիմնական սնունդը՝ նախաճաշը, ճաշը և ընթրիքը, պետք է պարունակի 200-300 գրամ մթերք: Որպես միջանկյալ սնունդ կարող է հանդիսանալ 150-200 գրամ միրգը, 15-20 գրամ ընդեղենը»,- ասաց սննդաբանը:
Սննդաբանը խորհուրդ է տալիս այս ընթացքում անընդհատ չզբաղեցնել ուղեղն այն հարցերով, թե ինչ պետք է ուտենք և ինչ պատրաստենք: Այս ընթացքում կարելի է կարդալ, ստեղծագործել, պարել, որոնց համար առօրյա աշխատանքի հետևանքով ժամանակ չենք ունենում:
«Հեռուստացույց դիտելիս, ոչ թե պետք է հարմար տեղավորվել բազկաթոռի մեջ, որովհետև հաջորդ քայլը քեզ մտովի տանում է դեպի սառնարան, այլ պետք է պարզապես չնստել, կարելի է սենյակի մեջ քայլելով հեռուստացույց դիտել»,- կատեց սննդաբանը:
«Երբ մենք շարժվում ենք, մեր օրգանիզմում առաջանում են էնդորֆիններ, հորմոններ, նյութեր, որոնք մեզ երջանկացնում են, ազդում են մեր տրամադրության վրա: Ուղղակի տխուր լինելով, եթե մարդն իրեն ստիպի մի փոքր շարժվել, ապա կնկատի, որ խնդիրներն ավելի թեթև են, քան թվում էր: Հնից եկած խոսք կա. շարժումը կյանք է՝ սա միանշանակ աքսիոմա է: Եթե ուզում ենք լավ տրամադրություն ունենալ, ապա միակ կիրառելի տարբերակը շարժվելն է: Ռեկորդներ սահմանել հարկավոր չէ: Ընդամենը հարկավոր է շարժվել, որը մարդը կատարում է սենյակի մի ծայրից մյուս ծայրը գնալ-գալով»,- հավելեց սննդաբանը:
Օլյա Շահինյան