Հայաստանյան բուհերը երկրում արտակարգ դրության պայմաններում հանձն են առել և արդեն սկսել են իրականացնել հեռավար ուսուցում: Նախարարությունն առաջիկա օրերին մոնիթորինգ կիրականացնի: Այսօրվա ասուլիսում այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Հեռավար ուսուցման հետ կապված խնդիրների շուրջ AraratNews.am-ը զրուցել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանի հետ:
AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ Հայաստանի պետական ագրարային համալսարանը երեկվանից գործող դասացուցակով անցել է հեռավար ուսուցման:
«Ըստ դասացուցակի արդեն դասերն ընթանում են: Օգտագործում ենք «Moodle» հարթակը՝ նյութերի տրամադրման, և «ZOOM» հարթակն արդեն դասերի վարման հետ կապված: Կան նաև լաբորատոր որոշակի առարկաներ, որոնք լաբորատորիայում աշխատանք են ենթադրում, արդեն, երբ դասերն ընթանան, մենք ինտենսիվ այդ պարապունքները կվերսկսենք»,- նշեց ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը:
Պրոռեկտորի խոսքերով, խնդիրները հիմնականում տեխնիկական բնույթ են կրում. ինտերնետի հետ կապված հարցեր, դասախոսների ու ուսանողների մոտ սմարթֆոնների կամ պլանշետների բացակայություն:
Ռոբերտ Մակարյանն ասաց, որ լաբորատոր պարապմունքների լրացման ընթացակարգը կախված է իրավիճակի հետագա զարգացումներից. «Կամ դասերը վերսկսելուց հետո կինտենսիվացնենք ծավալի հետ կապված, կամ դասաժամերի քանակը կավելացնենք: Անհրաժեշտության դեպքում կօգտագործենք նաև շաբաթ օրերը և կմտածենք նաև կիսամյակի երկարացման հետ կապված: Ինչը, որ առցանց հնարավոր է իրականացնել, հիմա իրականացնում ենք»:
ՀԱԱՀ-ում ավարտական աշխատանքներ գրողներն առցանց կապի մեջ են իրենց գիտական ղեկավարների հետ: Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը նշեց, որ մտածում են նաև առցանց կազմակերպել դիպլոմային աշխատանքների ու մագիստրոսական թեզերի պաշտպանությունը:
«Սա կախված է զորակոչի ժամկետից. դեռևս հստակ ցուցում չկա զորակոչի ժամկետների փոփոխության հետ կապված: Եթե խնդիր լինի, նաև կապահովենք դիպլոմայինների պաշտպանության առցանց տարբերակը»,- ասաց պրոռեկտորը:
Պրոռեկտոր Մակարյանն ընդգծեց, որ իր հետևած 5-6 կուրսերում, ուսանողների 80-90 %-ը մասնակցում են հեռավար դասերին:
«Նաև գյուղական բնակավայրերից են մասնակցում: Այսինքն, եթե մարդ ցանկություն ունենա սովորելու, ապա նաև ընկերոջ սմարթֆոնից կամ պլանշետից կարող է օգտվել»,- նկատեց ՀԱԱՀ պրոռեկտորը:
Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը հավելեց, որ համալսարանում, ընդհանուր առմամբ, հեռավար ուսուցման արդյունքները գոհացուցիչ են:
Օլյա Շահինյան