Araratnews.am-ը տեղեկացրել էր քաղաքացիներից մեկի ահազանգի վերաբերյալ, ով դժգոհում էր իրենց շենքի հարակից տարածքում գտնվող կարաոկե-ակումբից հնչող բարձր երաժշտությունից: Բնակիչը նաև կասկած հայտնեց, որ հաստատությունը, թեև գրանցվել է որպես կարաոկե- ակումբ, սակայն այլ գործունեություն է ծավալում: Երևանի քաղաքապետարանից Araratnews.am-ին հայտնել էին, որ հաստատության ապօրինի գործունեությունը վերահսկվում է հարկային մարմինների կողմից: Հարցը փորձեցինք պարզել ՀՀ Պետեկամուտների կոմիտեից, որտեղից մեզ մասնավորապես պատասխանեցին.
«Երեկոյան և գիշերային ժամանցի վայրերում, ինչպես նաև ցանկացած տնտեսվարող սուբյեկտի մոտ ստուգումները և ուսումնասիրություններն իրականացվում են համապատասխան հրամանագրերով և հանձնարարագրերով:
Ստուգման կամ ուսումնասիրության իրականացման պարբերականությունը կարգավորվում է Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին ՀՀ օրենքով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ կարաոկե կամ գիշերային ակումբների գործունեությունը հարկվում է Արտոնագրված վճարների մասին ՀՀ օրենքի համաձայն, փոփոխվում է միայն արտոնագրային վճարի չափը՝ կախված ելակետային տվյալներից և ուղղիչ գործակիցներից: Արտոնագրային վճարների մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, հեստապար և անհատական կամ համույթային համանման այլ ցուցադրումներ ունեցող հանրային սննդի գործունեության իրականացման վայրերի (օբյեկտների) համար լրացուցիչ կիրառվում է 5 գործակից:
ՀՀ ԿԱ ՊԵԿ-ն իրավասություն ունի կասեցնելու ապօրինի կամ արգելված գործունեություն իրականացնող անձանց և կազմակերպությունների աշխատանքը՝ վերը նշված մասով, մինչև համապատասխան գրանցում և թույլտվություն ստանալը, ինչպես նաև Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին ՀՀ օրենքով արձանագրված 2-րդ և ավելի խախտումների դեպքում»: