տուն Հասարակություն Առողջապահություն Ինչպե՞ս են գերմանական զորքերը պայքարում կորոնավիրուսի դեմ. Deutsche Welle

Ինչպե՞ս են գերմանական զորքերը պայքարում կորոնավիրուսի դեմ. Deutsche Welle

462
0

Գերմանական զորքերը ստիպված են եղել որոշակի ճկունություն ցուցաբերել՝ կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարելու համար: Բունդեսվերին նույնպես ավելի ու ավելի շատ են խնդրում պաշտպանել քաղաքացիական անձանց, ինչպես նաև սեփական զորքերը:

Սոցիալական հեռավորություն, արգելափակման կարգադրություններ, ինքնամեկուսացում տանը. զինվորներին այլևս օտար չեն այդ գաղափարները: Գերմանացի զինվորականները, ինչպես նաև շատ գործատուները աշխատողներից յուրաքանչյուրին ասել են, որ եթե հնարավոր է իրենց աշխատանքը տնից իրականացնել՝ համակարգչով, ապա նրանք պետք է այդպես անեն:

Միևնույն ժամանակ, զորանոցից դուրս անցկացվող նախավարժանքներն իրականացվում են ոչ թե ուս ուսի, այլ երկու մետր հեռավորության վրա: Տանկային վարժանքները, որոնք սովորաբար ներառում են մի քանի զինծառայողներ, ովքեր միասին նստած են փակ տարածքում, հնարավորինս չեղարկվում են: Այս ամենն իրականացվում է համաձայն Ռոբերտ Քոչի ինստիտուտի՝ Գերմանիայի հանրային առողջության գլխավոր գործակալության ցուցումների:

Այս միջոցառումները նաև ազդում են արտասահմանում գտնվող Գերմանիայի ռազմական առաքելությունների վրա. Աֆղանստանում տեղակայված զորախումբը ժամանակավորապես կազմալուծվում է, հիմնական զինավարժություններն էլ չեղարկվում են, սա վերաբերում է նաև այն բոլոր ուսումնական ստորաբաժանումներին, որոնք այնքան էլ էական դեր չեն խաղում արտասահմանյան առաքելություններին պատրաստելու հարցում:

Այս ամենի հետ մեկտեղ Բունդեսվերը պնդում է, որ ՆԱՏՕ-ի ստանձնած բոլոր պարտավորությունները դեռ կատարվում են, ինչպես նաև այս ամբողջ ընթացքում զինված ուժերի մարտունակությունը պահպանվում է:

Գործող բժշկական ստորաբաժանումները

Գերմանիայի պաշտպանության նախարարության տվյալներով ՝ մարտի 26-ի դրությամբ վիրուսով վարակվել է 160 զինծառայող, որոնցից միայն երկուսին էր անհրաժեշտ հոսպիտալացնել: Նրանց մեծամասնությունը միայն մեղմ ախտանիշներ է ունեցել և ապաքինվել է տանը, մինչդեռ ևս 700 զինվորներ գտնվում են կարանտինում, քանի որ կապ են ունեցել վարակված զինվորների հետ:

Բունդեսվերի բժշկական ստորաբաժանումներում մոտ 20.000 զինծառայողներ կան, ովքեր ներկայումս գործի են անցել՝ զինված ուժերի հինգ հիվանդանոցները նախապատրաստելու նպատակով: Ընդհանուր առմամբ, այդ հիվանդանոցներն ունեն 105 ինտենսիվ թերապիայի մահճակալներ՝ օդափոխիչներով, ինչը բավարար է նորմալ պայմաններում, բայց ոչ՝ վատագույն սցենարի դեպքում: Այդ իսկ պատճառով այժմ մահճակալների թիվն ավելացնում են:

Օգնում ենք, որտեղ կարող ենք

Պաշտպանության նախարարությունում բժշկական ծառայության խոսնակը լավատես է. նա վստահ է, որ Բունդեսվերը ճգնաժամի սրվելու դեպքում կարող է հաջողությամբ աջակցել քաղաքացիական բնակչությանը:

«Մենք լավ պատրաստված ենք: Եվ մենք օգնում ենք այնտեղ, որտեղ կարող ենք»,- ասել է նա DW-ին:

Որպես այդ աջակցության մաս, զինված ուժերի գնումների գրասենյակը, որը սովորաբար պատասխանատու է զենք և սարքավորումներ գնելու համար, այժմ ունի 241 միլիոն եվրո (261 միլիոն դոլար)՝ հատկացված համաշխարհային շուկայում բժշկական պաշտպանիչ միջոցներ գտնելու համար, որոնք առողջապահության նախարարությունը պետք է բաշխի կլինիկաների և բժիշկների միջև:

Մի քանի շաբաթ առաջ 125 գերմանացիներ ռազմական ինքնաթիռներով դուրս էին բերվել կորոնավիրուսային պանդեմիայի առաջին էպիկենտրոնից՝ Ուհանից:

Բունդեսվերի խոսնակը նաև ասել է, որ զինված ուժերը «դրականորեն զարմացած են» այն բանի համար, որ 6000 պահեստայիններ ճգնաժամի հարցում կամավոր օգնություն են ցուցաբերել. 240 բուժաշխատողներ, բժիշկներ, դեղագործներ և վերահսկողներ, ովքեր այժմ միացել են այդ աշխատանքներին:

Այդուհանդերձ, ապագայի խնդիրը հետևյալն է՝ համոզվել, որ Բունդեսվերը հնարավորություն ունի անել հնարավորը՝ պայքարելու համար ճգնաժամի բռնկման հարցում:

Թարգմանեց Օլյա Շահինյանը