տուն Քաղաքական Հայաստան Ինչու 22-րդ միջոցառման շահառուները դեռ չեն ստացել գումարները. պարզաբանում

Ինչու 22-րդ միջոցառման շահառուները դեռ չեն ստացել գումարները. պարզաբանում

341
0

ՀՀ կառավարությունը 2020 թվականի հունիսի 25-ին հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող թվով քսաներկուերորդ միջոցառումը։

Միջոցառման շահառու են հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն ֆիզիկական անձինք, ովքեր առնվազն 85 օրացուցային օր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել գործատուի հետ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում, սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 31-ից մինչև հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում և այդ նույն ժամանակահատվածում չեն անցել մեկ այլ աշխատանքի:

Հուլիսի մեկից ՀՀ քաղաքացիները online.ssa.am կայքէջում սահմանված կարգով` էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա, կարող են օգտվել աջակցությունից: Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով և կազմում է 68 000 ՀՀ դրամ։

Եթե լրացված դիմումի տվյալների համադրության արդյունքում շահառուն ընդգրկվում է վճարման ցուցակում, ապա վճարման ցուցակը բանկին փոխանցելու օրվան հաջորդող օրը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունն այդ մասին հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով տեղեկացնում է շահառուին։

Արդեն գրեթե մեկ շաբաթ է՝ քաղաքացիները հնարավորություն ունեն դիմել, որպեսզի կարողանան օգտվել աջակցությունից: Ծրագրի շահառուներից Վարդանուշ Գրիգորյանը, որը դիմումը լրացրել է հուլիս 1-ին, ասում է, որ դեռ չի ստացել գումարը:

Հանրությանը իրազեկելու նպատակով փորձեցինք տեղեկություններ ստանալ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, թե ինչն է պատճառը, որ շահառումները դեռ չեն ստացել գումարը:

Սոցապնախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ հնարավոր է՝ մի քանի օր ուշացումներ լինեն:

«Որպեսզի ամեն բան պարզ լինի, պետք է մանրամասն բացատրեմ,- ասում է Սոնա Մարտիրոսյանը, ապա շարունակում,- ուրեմն մենք ստանում ենք դիմումը, ապա ուղղորդում ենք տվյալ բանկ: Եվ քանի որ գումարը տրամադրվում է բացառապես անկանխիկ` քարտի միջոցով, ապա անհրաժեշտ է, որպեսզի բանկը տվյալներ տրամադրի, որ դիմում գրողն ու քարտի տերը նույն մարդն է: Բանկը հնգօրյա ժամկետում նույնացնում է քարտը, որովհետև քաղաքացիներից շատերը կարող են մուտքագրել սխալ թիվ, կամ քարտ չունեն և քարտից օգտվել չգիտեն: Լինում են դեպքեր և դիմումում նշում են այլ քաղաքացու, ասենք, իրենց աղջկա քարտի տվյալները: Այս դեպքում փոխանցում չի կատարվում: Բանկը քարտը նույնացնելուց հետո տվյալներն ուղարկում է մեզ, որպեսզի մենք էլ համոզվենք, և եզակացությունն ստանալուց հետո վճարումը կատարում ենք »,- պարզաբանում է սոցապնախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:

Այնպես, որ քաղաքացիները մտահոգվելու պատճառ չունեն: Գումարները բանկային հաշիվներին փոխանցելուց անմիջապես հետո, քաղաքացիները կկարողանան օգտվել աջակցությունից:

Հայկ Մագոյան