Այսօր ԱԺ-ում նիստի ընթացքում շարունակվել է 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանից ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հետաքրքրվել է. «Երեկ շատ հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ, ես լրիվ համաձայն եմ Ձեր հետ, որ ԿԲ միշտ վնասաբեր է: Տրանսֆերտների պատճառով դրամի արժևորումն այն ասեղն է, որը թույլ չի տալիս ՀՀ տնտեսությունը զարգանա: Հարյուր անգամ ասել ենք, որ դրանք գոնե պետք է ստերիլիզացվեն, այլապես պետությունը չի զարգանա: Ես ուզում եմ, որ այս ասեղի հանգամանքը շեշտվի: Այդ կոնցեպտը չի զարգացնում հանրապետությունը և դա համապատասխանում է կառավարության ոչ թե պատկերացումներին, այլ տնտեսության զարգացման մասին չպատկերացումներին»,-նշել է Բագրատյանը:
Պատգամավորին ի պատասխան ԿԲ նախագահը պատասխանել է. «Դեմոկտարտական համակարգում հարգանքի է արժանաի յուրաքանչյուր կարծիք, բայց իհարկե այդ կարծիքները, երբ որ միտված են գործընկերներին վիրավորելուն կամ ընդհանրապես կապ չունեն իրականության հետ, ինձ թվում է, որ այդպիսի կարծիքներն անհիմն են, դատարկ են, անընդունելի ու անհետաքրքիր են: Իսկ անդրադառնալով կոնկրետ Ձեր հարցին, պետք է նշեմ, որ մենք վարժություններ ենք արել բոլոր փոխարժեքներով ու ես նորից նշում եմ, որ ԿԲ ունեն սպեցիֆիկ հաշվեկշիռ, ԿԲ-ի վնասը, ըստ էության վնաս չի, դա վիրտուալ վնաս է, իսկ փաստաթղթերը մի քիչ հետո կհանձնեմ Ձեզ, իսկ մենք բյուջե փող տալիս ենք, թե ոչ` ասեմ, որ մենք այս վերջին տարիների ընթացքում 30 միլիարդից ավել փող ենք տվել»,-նշել է ԿԲ նախագահը:
Էմմա Պալյան