Անդրադառնալով օրեր առաջ Եգոր Շչերբակովիչ սպանությունից հետո Ռուսաստանում սանձազերծված հակաադրբեջանական տրամադրությունների վերելքին՝ փորձագետ Էդգար Վարդանյանը araratnews-ի հետ զրույցում նշեց. «Ընդհանուր առմամբ այդ իրադարձությունները բավական խորը վերլուծության կարիք ունեն, սակայն հպանցիկ կարող եմ ասել, որ և՛ հայկական, և՛ ադրբեջանական ու, ընդհանրապես, էմիգրանտների նկատմամբ վերաբերմունքի խնդիրները Ռուսաստանում զուտ քաղաքական են և դրանք ժամանակ առ ժամանակ տարբեր քաղաքական նպատակներով օգտագործվում են: Հիմնական խնդիրը, որը՝ միգրանտներին շահարկելով փորձում է լուծել Ռուսաստանը, հետևյալն է` պահել ազդեցության ոլորտները՝ շանտաժի ենթարկելով իր ազդեցության տակ գտնվող հասարակություններին և իհարկե, նաև իշխանություններին: Ռուսաստանն անընդհատ ցույց է տալիս, որ «դուք՝ հարգելի իմ ազդեցության ոլորտներում գտնվող պետություններ, եթե փորձեք դուրս գալ իմ ազդեցության այդ ոլորտից կամ ինչ-որ շարժումներ անել, որոնք ես կգնահատեմ, որ դրանք իմ ազդեցության ոլորտին հակասում են, ես ճնշումներ եմ բանեցնելու, տվյալ դեպքում՝ միգրանտների նկատմամբ, և դուք կզրկվեք ձեր տնտեսությունների համար շատ կարևոր գումարներից, դրանով կապակայունացնեմ նաև ձեր ներսում քաղաքական և տնտեսական մթնոլորտը» և այլն: Սա շատ պարզ է, ու պարբերաբար տարբեր խնդիրների ծագման ժամանակ Ռուսաստանը դիմում է այս քայլերին, դրանով նաև ներքաղաքական խնդիրներ է լուծվում: Ռուսաստանի հասարակությունում շատ են ազգայնական տրամադրությունները, կան կազմակերպված շերտեր ու խմբեր, և որպեսզի այդ խմբերն ու շերտերը դուրս չգան իշխանությունների վերահսկողությունից, Ռուսաստանի իշխանությունը նրանց սիրաշահում է և միևնույն ժամանակ ճնշումներ բանեցնելով ուզում է ցույց տալ, որ անհանգստանալու կարիք չկա, որ իրականում այդ ազգայանական տրամադրությունները վերահսկվում են»: Մեր զրուցակիցը միգրանտների խնդրի նման շահարկման օրինակ նշեց նաև 2011 թվականին Տաջիկստանում ռուս օդաչուների ձերբակալումը, որից հետո ռուսական կողմը կոշտ վերաբերմունք սկսեց դրսևորել տաջիկ ներգաղթյալների նկատմամբ, արդյունքում՝ ռուս օդաչուները ազատ արձակվեցին հենց դատարանի դահլիճից: Վերլուծաբանը նշեց, որ հետխորհրդային գրեթե բոլոր հանարպետություններին Ռուսաստանը դիտարկում է որպես իր ազդեցության ոլորտի մեջ գտնվող երկրների և ըստ այդմ իրականացնում իր քայլերը, սակայն միևնույն ժամանակ, հետխորհրդային բոլոր հանրապետությունների հետ Ռուսաստանն ունի խնդիրներ. «Հայաստանը մի քիչ ավելի քիչ, Ադրբեջանը ավելի շատ, և մյուս հանրապետությունները որոշակի քայլեր են ձեռնարկում, որոնք «վրդովվեցնում» են Ռուսաստանին, որն էլ վերջին սպանության նման դեպքերը կամ այդօրինակ առիթները օգտագործում է այդ երկրների վրա ճնշումներ բանեցնելու համար: Հարցն է այն է, սակայն, որ Ռուսաստանի ներսում էլ կան խնդիր՝ նույն այդ Հյուսիսային Կովկասը։ Եվ Ռուսաստանը հսկայական գումարներով «առնում է» հյուսիսկովկասյան էլիտային, բյուջեից գումարներ է տրամադրում, հետո ասում է՝ դուք եք տարածքի տերուտիրականը, բայց միևնույն ժամանակ պահում է Կրեմլի վերահսկողության տակ, որպեսզի այլ բաներ նրանց մտքով չանցնի»,- իր խոսքը եզրափակել է Էդգար Վարդանյանը: