Կառավարության նիստում այսօր վարչապետը խոսեց մի քանի ծննդատների փակման մասին:
Նա հիշեցրեց մի ռեպորտաժ Աչաջրի ծննդատան մասին, որտեղ հարցազրույց են արել ծննդկանի հետ, որն եկել է Ոսկեպարից:
Կառավարության ղեկավարը հիշեցրեց՝ Աչաջրի ծննդատունը չի համապատասխանում չափանիշներին: Ավելին՝ Ոսկեպարը Նոյեմբերյանից 19 կմ հեռավորության վրա է, եւ Նոյեմբերյանում կա ծննդատուն, որը, ինչպես հավաստիացրել են առողջապահության նախարարությունից, շատ լավ վիճակում է: «Աչաջուրը Ոսկեպարից 25,7 կմ հեռավորության վրա է: Այսինքն՝ Նոյեմբերյանը եւ դրա ծննդատունն ավելի մոտիկ է Ոսկեպարին, քան Աչաջրին: Հիմա հարց. ինչո՞ւ է ծննդկանը նախընտրել գալ վատ ծննդատուն»,- մանրամասնեց կառավարության ղեկավարը:
Վարչապետն ասաց, որ այս ռեպորտաժը դիտելիս՝ համոզվեց, որ գործ ունենք մանիպուլյացիայի հետ: