տուն Քաղաքական Ինչու էր Պուտինը վերջին նստատեղին, սելֆիներ, արցունքներ

Ինչու էր Պուտինը վերջին նստատեղին, սելֆիներ, արցունքներ

218
0

Երեկ Երևանում տեղի ունեցավ ԵԱՏՄ գագաթնաժողովը, որը լիդերների ներգրավվածության առումով աննախադեպ էր։ Araratnews.am-ը քաղաքագետ Գարիկ Քեռյանի հետ ամփոփեց գագաթնաժողվի արդյունքները, էթիկական խնդիրները։

Քաղաքագետը գագաթնաժողովը բեկումնային է համարում ոչ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների մասնակցության առումով․ «Խոսքը Մոլդովայի, Սինգապուրի և Իրանի նախագահների մասին է։ Ցանկացած միջազգային կառույց կայանում և հաջողության է հասնում ոչ միայն ներսում ընթացող ինտեգրացիոն գործընթացներով, այլև կայացվածությունը գնահատվում է ազդեցության ոլորտների ընդարձակման և ասոցացված անդամների ներգրավման ցուցիչով։ Եթե ունենք կայացած ինտեգրացիոն կառույց, որն ամփոփված է իր իսկ շրջանակներում, այստեղ կարող ենք ասել, որ այն անարդյունավետ է և ընդլայնման հնարավորություն չունի, բայց երբ նոր երկրներ են ներգրավվում, սա արդեն դրական ցուցանիշ է»,- արաձանագրեց Քեռյանը։

Նա համեմատություն անցկացրեց ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև՝ նշելով, որ ԵՄ-ն ասոցացման գործընթացներ է իրականացնում իր դիրքերն ամրապնդելու և ազդեցության ոլորտը մեծացնելու համար։

Հարցին՝ Հայաստանն ի՞նչ արդյունքներ կարող է սպասել այս գագաթնաժողովից, արդյոք ԵԱՏՄ-ում մեր դիրքերն ավելի ամրապնդելու հնարավորություն կա՞, Քեռյանը պատասխանեց․ «Ընդհանրապես, ԵԱՏՄ ներսում, ըստ իս, ամենաթույլը Հայաստանի դիրքերն են, և ավելի շատ սա ոչ թե սուբյեկտիվ, այլ օբյեկտիվ պատճառներ ունի։  Օբյեկտիվն այն է, որ մենք չունենք ընդհանուր սահման ԵԱՏՄ որևէ երկրի հետ, երկրորդը՝ մենք գտնվում ենք կիսապատերազմական վիճակում և հսկայական ծախսեր ունենք, իսկ ԵԱՏՄ-ն տնտեսական կառույց է, ոչ թե ռազմաքաղաքական, և երրորդը՝ Հայաստանն ամենախղճուկ վիճակում է՝ կապված կոմունիկացիաների և շրջափակման հետ։ Ըստ էության, մեր ամբողջ տնտեսական զարկերակը կախված է մի 6մ լայնության՝ Վերին Լարսի ճանապարհից, որը, երբ փակվում է, Հայաստանը շնչահեղձ է լինում։ Նման պայմաններում խոսել Հայաստանի ուժեղ դիրքերի մասին, ճիշտ չէ։ Բայց սա, թերևս, առաջին գագաթնաժողովն էր, որ Հայաստանին հույս տվեց, որ կարող է ինչ-որ տեղ մեղմացնել իր դժվար կացությունը»։

Քեռյանի խոսքով, Իրանի՝ ԵԱՏՄ-ի հետ համագործակցելու ցանկությունը Հայաստանի համար մեծ նշանակություն կարող է ունենալ․ «Հայաստանը միակ երկիրն է, որը սահման ունի Իրանի հետ։ Իհարկե, մենք սահման չունենք ո՛չ Մոլդովայի և ո՛չ էլ Սինգապուրի հետ, այս պետությունների մասնակցությունը մեր կարգավիճակում որևէ փոփոխություն մտցնել չի կարող, բայց Իրանի մասով՝ սա մեզ հնարավորություն է տալիս, որ մենք նույնպես դառնանք կոմունիկացիոն երկիր, որը կարող է կապել Իրանը ԵԱՏՄ գոտու երկրների հետ։ Հայաստանով կարող է իրականացվել Իրան-ԵԱՏՄ երկրների ապրանքաշրջանառությունը, և հնարավոր է՝ Հայաստանը դառնա Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև էներգետիկ հաղորդակցության միջոցների տարանցման երկիր։ Իրանը 80 մլն բնակչություն ունեցող երկիր է, հսկայական պոտնեցիալով և կարող է 2 միլիոնանոց երկրի համար տնտեսական զարգացման գործոն հանդիսանալ»,- մանրամասնեց նա։

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին, հայ-ռուսական հարաբերություններում առկա տեղաշարժերին և Փաշինյանի՝ իրեն բնորոշ ընդունելությանը, Քեռյանը նշեց, որ քաղաքական գործիչների տարբեր տիպեր կան, իսկ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներն ավելի շատ ավտորիտար ռեժիմներ են ներկայացնում․ «Այստեղ լիդերները ավտորիտարիզմի ընդգծված հատկանիշներ ունեն։ Եվ այս մարդկանց նստելաձևը, վարվելաձևը, քաղաքական մտածողությունը, մանևրներն այլ են, քան այն լիդերինը, որն այլ քաղաքական մշակույթի ծնունդ է»։

Քաղաքագետը շեշտեց, որ որոշ վերլուծաբաններ այլ կերպ են մեկնաբանում Փաշինյանի ամեն մի քայլը, մասնավորապես՝ Պուտինին ինքնաթիռի մոտ չդիմավորելը, աստիճաններից չիջնելը, ավտոբուս նստեցնելն ու սելֆիները․ «Միգուցե, սրանք բաներ են, որ դուր չեն գալիս Պուտինին կամ Լուկաշենկոյին, կամ գուցե, ուշադրություն էլ չեն դարձնում, բայց սրանք այն բաները չեն, որ այդ երկրների լիդերներին ստիպեն պետական, ազգային շահը մի կողմ դնեն ու առաջնորդվեն անձնական ամբիցիաներով»։

Նա այս վերլուծություններն անիմաստ շահարկումներ որակեց՝ պնդելով, որ հրավիրվող երկիրը տեղյակ է լինում, թե ով է իրենց դիմավորելու ինքնաթիռից իջնելիս։

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, Քեռյանը համոզմունք հայտնեց, որ Ռուսաստանն աշխարհաքաղաքական մեծ ամբիցիաներ ունի, այն է՝ վերականգնել ռուսական ազդեցությունը հետխորհրդային տարածքներում, բայց այս առումով մեր տարածաշրջանն այդքան էլ բարվոք վիճակում չէ, որովհետև Վրաստանն Արևմուտքի ազդեցության տակ է, Ադրբեջանը դեպի Թուրքիա է ձգտում, միայն Հայաստանում է, որ ՌԴ-ն ունի ռազմաբազա՝ 43 տարվա պայմանագրով, և ՀԱՊԿ անդամ ենք միան մենք, և այս ամենի հետ միասին Ռուսաստանը մանր էթիկական հարցերի պատճառով չի փոխի իր քաղաքականությունը ՀՀ-ի հանդեպ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here