Շանթ Հարությունյանը դեկտեմբերի 24-ից հացադուլ է անում: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի կինըˋ Ռուզան Բադալյանը:
«Փաստաբանն էլ դեռ տեղյակ չէ, չի տեսել Շանթ Հարությունյանին: Ուղղակի գիտենք, որ հացադուլ է սկսել, ու դա պայմանավորված է տեսակցություններ ունենալու դիմումը մերժելու հետ»,- ասում է Ռուզան Բադալյանը:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Շանթ Հարությունյանը դիմում էր ներկայացրել քննիչինˋ տեսակցությունների արգելանքը հանելու պահանջով, սակայն նրան մերժել էին:
«Քանի որ իր դիմումըˋ հարազատներին տեսակցելու արգելանքը հանելու համար մերժվեց, ինքը հացադուլ է սկսել: Այլ տեղեկություններ չունեմ, երբ որ փաստաբանը հանդիպի, ավելի մանրամասն կիմանանք»,- ասում է Շանթ Հարությունյանի կինը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի նկատմամբ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպից հետո մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Նա մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
Նոյեմբերի 5-ին, իր մի խումբ համակիրների հետ, մահակներով, ձողերով ու ինքանշեն պայթուցիկներով զինված փորձել էր երթ կատարել Ազատության հրապարակից, որի ժամանակ տեղի էր ունցել բախում ոստիկանների հետ:
Կալանքի տակ գտնվելու ժամանակˋ Շանթ Հարությունյանի նկատմամբ շուրջ մեկ ամիս կիրառվեց նաեւ դատաբժշկական փորձաքննություն, ինչից հետո նրան տեղափոխեցին Երեւանի Կենտրոն քրեակատարողական հիմնարկ, որտեղ նա գտնվում է մինչ օրս:
Լիլիթ Առաքելյան