Այսօր՝ հունվարի 15-ի առավոտյան, ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին «Երևան» ՔԿ-ից տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ։ Ինչպես տեղեկացրել է նրա փաստաբանական խումբը, նախօրեին բժշկական օգնության անհրաժեշտություն է առաջացել, և բժիշկներն արձանագրել են սրտաբանական և հրատապ այլ հետազոտությունների ու բուժման անհրաժեշտությունը։Araratnews.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց «Աստղիկ» ԲԿ գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը: Նրա խոսքով, Գագիկ Խաչատրյանը իրենց բժշկական կենտրոն տեղափոխվել է գործիքային և լաբորատոր հետազոտության նպատակով:
Հարցին, թե որքան ժամանակ կպահանջվի ստացիոնար հետազոտությունների համար, գլխավոր բժիշկն ասաց.
«Առայժմ չեմ կարող հստակ ժամկետ նշել, ամեն դեպքում հետազոտությունների ցանկն այնպիսին է, որ որոշակի ժամանակ է պահանջում»:
Մեր այն դիտարկմանը, թե արդյոք հնարավոր է կամ եղել է տեսակցություն Գագիկ Խաչատրյանի հետ, Ռոբերտ Կուրղինյանը գրեթե բացառեց:
«Կարծում եմ՝ ոչ, որովհետև նրան այնպիսի պահակախումբ է ուղեկցում …»,- եզրափակեց «Աստղիկ» ԲԿ գլխավոր բժիշկը:
Հավելենք, որ Գագիկ Խաչատրյանն արդեն մոտ 6 ամիս է, ինչ կալանքի տակ է։ Նա մեղադրվում է 2008-2014 թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։ Նրա փաստաբանները կալանավորումն անօրինական են համարում։