տուն Հասարակություն Ինչո՞ւ վճարել թերի աղբահանության համար

Ինչո՞ւ վճարել թերի աղբահանության համար

199
0

Օրեր առաջ Երեւանի քաղաքապետարանը հայտարարեց, որ աղբահանությունը կատարող «Սանիթեք» ընկերության հետ կնքված պայմանագիրը լուծվում է, քանի որ ընկերությունն աղբահանությունը պատշաճ չի կատարում:

Քաղաքացիները զանգահարել էին Araratnews.am-ի խմբագրություն եւ դժգոհել՝ ինչո՞ւ պետք է վճարեն, ըստ էության, թերի կատարված աղբահանության համար: Մինչ օրս քաղաքի որոշ հատվածներում կան աղբակույտեր, որոնց հոտն ուղղակի անտանելի է: «Բայց արի ու տես, որ նորմալ չկատարված աշխատանքի համար պետք է վճարենք»,- վրդովված ասում էին քաղաքացիները:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբատյանին Araratnews.am-ը հարցրեց՝ ինչո՞ւ պետք է բնակիչը վճարի աղբահանության համար, եթե պատշաճ ծառայություն չի ստացել: Ի պատասխան Կուբատյանն ասաց՝ աղբահանության վճարը օրենքով սահմանված պարտադիր վճար է: Պատկերացրեք՝ եթե քաղաքացին չվճարեր, «Սանիթեքն» ընդհանրապես աղբահանություն չէր անի: Սեպտեմբերից «Սանիթեքը» չի կատարում իր պարտավորությունները, քաղաքացիների վճարված գումարները «Սանիթեքին» չեն տրվում: Քաղաքացու վճարած գումարը փոխանցվում է քաղաքապետարան, որն էլ իր համայնքային հիմնարկով իրականացնում է աղբահանություն»,- ասաց  նա:

Մեր դիտարկմանը, թե քաղաքացին պատշաճ ծառայություն չի ստացել, ուրեմն ինչու պետք է չարվածի համար վճարի, Կուբատյանն ասաց՝ այո՛, աղբահանությունը պատշաճ չի կատարվել, բայց ինչ-որ չափով եղել է: Բացի այդ, օրենքով նախատեսված չէ նորմ, ըստ որի՝ քաղաքացին կարող է ամբողջությամբ չվճարել աղբահանության այդ գումարը:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանն էլ մեզ հետ զրույցում ասաց՝  աղբահանության վճարը օրենքով սահմանված տուրք է: Հետևաբար, գումարի փոփոխության, քաղաքացիներին չկատարված ծառայության փոխարեն փոխհատուցում տալու համար «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն պետք է լինի: «Մենք գումարը վճարում ենք ոչ թե «Սանիթեքին», այլ Երեւանի քաղաքապետարանին: Հետևաբար, մենք պահանջում ենք քաղաքապետարանից աղբահանության գործընթացի կառավարումը»,- հիշեցրեց ՀԿ ղեկավարը:

Բաբկեն Պիպոյանի պնդմամբ՝ Երեւանի քաղաքապետարանը չունի աղբահանության կատարման, աղբի կառավարման մոդել: «Մենք ուրախանում ենք, երբ քաղաքապետարանի կողմից տեսնում ենք նոր աղբամաններ, նոր մեքենա, բայց այդ ուրախությունը մենք ապրել ենք, երբ «Սանիթեքը» իր մեքենայով եկավ: Սակայն հարց է առաջանում՝ ինչքանով է օպտիմալ կառավարվում այն հիմնարկը, որը պահվում է մեր գումարներով: Երբ Երեւանի քաղաքապետարանն ասում է՝ 5 միլիարդը շատ է «Սանիթեքին», որ նա աղբահանություն կատարի, «Սանիթեքն» էլ հակառակն է ասում, հարց է ծագում. ի՛նչ գումարով Երեւանի քաղաքապետարանը կապահովի իդեալական մաքրություն»,- հարցնում է ՀԿ ղեկավարը քաղաքապետարանին:

Հ.Գ. Ամիսներ շարունակ մայրաքաղաքի բնակիչները շնչել են գարշահոտությունն ու անտրտունջ կատարել իրենց պարտավորությունը, բայց Երեւանի քաղաքապետարանը պատշաճ չկատարված աղբահանության գումարի վերադարձի կամ այլ փոխհատուցման մասին կարծես չի էլ մտածում: Սակայն երբ քաղաքացին մեկ օր ուշացնում է աղբահանության գումարը, թեկուզ չնչին, տույժի է ենթարկվում: Ինչո՞ւ քաղաքապետարանը չի ցանկանում «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություն անել, հաշվարկել չվճարված ծառայությունը, համապատասխան գումարի վերադարձ անել կամ մայրաքաղաքի բնակիչներին փոխհատուցում տալ՝ դարձյալ օրենսդրական փոփոխությամբ: Ի վերջո, քաղաքացի-պետություն հարաբերություններում պարտավորությունը միակողմանի չի կարող լինել:

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here