Իրավաբան.net-ի տեղեկություններով` դատախազությունում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում առաջիկայում նախատեսվում է Կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչությունն ու Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը միավորել մեկ միասնական վարչության ներքո: Շրջանառվող տեղեկության համաձայն` միասնական վարչության պետ է նշանակվելու Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի որդին` ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության նորանշանակ պետ Արտակ Հարությունյանը: Վերջինս այդ պաշտոնում փոխարինում է Գագիկ Խաչիկյանին: Ըստ մեր տեղեկությունների` Գագիկ Խաչիկյանն, այդ ամենին տեղյակ լինելով, աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Իրավաբան.net-ի հետ զրույցում ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչություն պետ Շահեն Տոնոյանը չի մեկնաբանել Իրավաբան.net-ի տեղեկությունը: