Օրեր առաջ Araratnews.am-ը հրապարակել էր գազի ոլորտին առնչվող հոդված, որտեղ գրել էինք հավելագրումների, գազի ներտնային սպասարկման գումարի, տեսուչ-բաժանորդ հարաբերությունների եւ այն հակասության մասին, որն անգամ արձանագրվել էր ԱԺ-ի գազի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում:
Մեր հրապարակումը լայն արձագանք է ունեցել, քննարկվել սոցիալական ցանցերում, բայց անհագստացրել «Գազպրոմ Արմենիային»:
Ընկերությունն այսօր, որին եւս գրավոր հարցեր էինք ուղարկել եւ նրա պատասխաններից մի քանիսը հրապարակել մեր հոդվածում, հայտարարություն է տարածել Araratnews.am-ի հոդվածի վերաբերյալ:
Ընկերությանն անհանգստացրել է, ինչպես կասեր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «զուգահեռ իրականությունը», որին բաժանորդներս բախվում ենք գրեթե ամեն օր:
Խոսքը վերաբերում է ոչ միայն հավելագրումներին, այլեւ գազի ներտնային սպասարկմանը, դրա չհիմնավորված վճարին, տեսուչ-բաժանորդ հարաբերություններին, որոնք հաճախ հանգուցալուծվում են «մաղարիչ-կաշառքով»: Ավելին՝ այդ զուգահեռ իրականությունը քննարկվել է ԱԺ-ի ընդդիմադիր նախկին պատգամավորներից կազմված գազի ժամանակավոր հանձնաժողովում, որի աշխատանքներին մասնակցածներից մեկը մեզ ուշագրավ տեղեկություններ էր հայտնել եւ հիշեցրել՝ «Գազպրոմը» միշտ չէ, որ սպառիչ պատասխաններ է հնչեցրել արծարծված հարցերին:
Հետաքրքիրն այն է, որ «Գազպրոմն» այդ ամենը որակում է անանուն, զուրկ մասնագիտական հիմնավորումներից, որոնք, ըստ նրա, չեն ծառայում հնարավոր խնդիրները վերհանելուն և համակարգային լուծումներ գտնելուն:
Բացի այդ՝ ընկերությունը, չգիտես ինչու, շրջանցում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որը, կրկին հիշեցնենք, 2019 թ-ին, 2018 թ-ի համեմատ, ստացել է 119 բանավոր բողոք 85-ի դիմաց, 78 գրավոր բողոք՝ 2018 թ. 71-ի դիմաց: Բողոքները վերաբերել են վերահաշվարկներին, ամսական վճարումներին, գազի ներտնային սպասարկումից հրաժարվելուն:
Ինչ վերաբերում է մասնագիտական հիմնավորումների մեղադրանքին, «Գազպրոմ Արմենիան» մեղադրելու փոխարեն ճիշտ կաներ ներկայացներ գազի ներտնային սպասարկման վճարի ֆինանսական ու մեթոդաբանական հիմքերն ու այն հակասությունը, որը վերաբերում է գազի ներտնային սպասարկումից հրաժարվել-չհրաժարվելուն:
Տպավորությունն այն է, որ ընկերությունը մտավախություն ունի, որ գազի ոլորտի վերաբերյալ այսպիսի հոդվածները կարող են առիթ լինել իրավապահների համար մանրակրկիտ ուսումնասիրությունների:
Հ.Գ. Կառավարությունը պետք է հետամուտ լինի գազի ոլորտի խնդիրների վերհանմանը, մասնագիտական լուծումներ փնտրելուն, եթե հարկ լինի դա անել անգամ իրավապահների աջակցությամբ: Հակառակ դեպքում սպառողները երբեք այս շրջապտույտից դուրս չեն գա:
Սոնա Դավթյան