Հայերիս համար, կարծեք, ոչ ցանկալի օրինաչափություն է ստացվում. օտարերկրյա առաջնորդների, գործիչների տարածաշրջանային այցերը հաճախ մեկնարկում են ոչ թե Հայաստանից, այլ, ասենք, Բաքվից, Վրաստանից: Այսօր մամուլում տեղեկություն եղավ այն մասին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չեղարկում է Հայաստան և Վրաստան այցերը, և սահմանափակվում է միայն Բաքու այցելությամբ: Պատճառը, ըստ նախնական տվյալների, Վրաստանում տիրող ներքաղաքական իրավիճակն է, որը ոչ մի կերպ չի կարող ազդել Երևան այցելության վրա: Ինչևէ..
Ի դեպ, Վրաստանի նախագահն ու վարչապետն էլ իրենց վերջին այցերը տարածաշրջան սկսեցին Բաքվից. արդյո՞ք այս ամենում քաղաքական ենթատեքստ ու դիտավորություն չկա, եթե այո՝ ապա ո՞րն է այս դիվանագիտական շեշտադրման էությունը: Մեկ կարևոր նկատառում ևս. այս երեք երկրներին՝ Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, ընդհանրացնում է նաև հեղափոխական ալիքը, որի միջոցով ստեղծվել է քաղաքական նոր օրակարգ:
Անդրադառնալով վերոնշյալ դիտարկումներին՝ քաղաքագետ Լևոն Շիրինյանը Araratnews.am-ի հետ զրույցում նշեց հետևյալը.
«Այս ամենը, իհարկե, որոշակի պատճառներ ունի. Նախ, նշեմ աշխարհաքաղաքական գործոնը: Ինչպես Բժեզինսկու հայտնի գրքում՝ «Շախմատային մեծ տախտակ»-ում է ասվում, Բաքուն համարվում է մեծ խաղացող, իսկ Հայաստանը կարևորվում է իր լոբբիստական կառույցներով: Երկրորդ պատճառն այն է, որ Վրաստանն ու Ուկրաինան իրենց համարում են արևմտյան դաշնակիցներ, իսկ Հայաստանին ընկալում են իբրև իրենց թշնամի համարվող Ռուսաստանի ռազմավարական գործընկեր»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Լևոն Շիրինյանը, որպես Զելենսկիի այցի չեղարկման հավանական պատճառ, մատնանշեց նաև այն հանգամանքը, որ Ուկրաինան, ինչպեսև Վրաստանն օգտվում են ադրբեջանական նավթի ներկրման հարցում Բաքվի վերնախավի դրսևորած բարյացկամությունից: Մյուս կողմից, ըստ քաղաքագետի, Վրաստանը Հայաստանին մրցակից է համարում:
«Որքան էլ այսօր հայտարարվում է, թե Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունները զարգանում են դրական դինամիկայով, ես հակառակ սցենարն եմ կանխատեսում: Վրաստանը ինչ-որ առումով գերակա դիրք է ստացել մեր նկատմամբ, այն աստիճան, որ, օրինակ, հայերը նախընտրում են հանգստանալ Վրաստանում, քան Հայաստանում»,- հավելեց Լևոն Շիրինյանը:
Մեր զրուցակիցը հատկապես կարևորեց Ամուլսարի խնդիրը, ինչպես նաև ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության հստակ ռազմավարությունը՝ դառնալու իսկապես տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական խաղացող: