Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում առաջարկել է Կենտրոնական բանկի ծախսերի կրճատման հաշվին ավելացնել գիտության ֆինանսավորումը: Ազգային ժողովում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Մարուքյանն այս առաջարկությունն արել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին: Ի պատասխան՝ Սաֆարյանն ասել է, որ ԿԲ ծախսերն ամրագրված են օրենսդրությամբ, որևէ շեղում չեն կարող թույլ տալ:
«Ես չեմ ասում՝ Կենտրոնական բանկի աշխատակիցների աշխատավարձերը կրճատենք, գիտեմ, որ դա օրենքով սահմանված է: Օրինակ՝ Կենտրոնական բանկը հարյուր միլիոնավոր դրամներ է ծախսում գործուղումների, միլիոններ է ծախսում ներկայացուցչական ծախսերի համար, այդ գումարներից կարելի է կրճատել եւ ուղղել գիտության ֆինանսավորմանը»,- ասել է նա:
Պավել Սաֆարյանն իր պատասխանով հասկացրել է, որ կառավարությունը մտադիր չէ կրճատել ԿԲ ծախսերը:
Էմմա Պալյան