Ինդոնեզիայի Բանդա Աչեհ նահանգի 25-ամյա բնակչուհին պատժվել է շարիաթի նորմերը խախտելու համար՝ ենթարկվելով խմբակային բռնաբարության։ Պատճառը եղել է 40-ամյա ամուսնացած մի տղամարդու հետ արտամուսնական կապը։ Հաղորդում է The Daily Mail-ը։
Զույգին «բռնացրել» են այրու տանը՝ սեքսով զբաղվելու պահին։ «Հանցանքի վայր» ժամանած ութ «օրինակատարները» սկզբում ծեծել են տղամարդուն, որից հետո բռնաբարել են կնոջը։
Դրանից հետո «բարոյականության մարտիկները» տանջահար եղած կնոջը տարել են ոստիկանական բաժանմունք։ Այնտեղ պատմել են, որ կինը խախտել է շարիաթի նորմերը՝ արտամուսնական կապ ունենալով ամուսնացած տղամարդու հետ։
Այն, որ կինը ենթարկվել է սեռական ոտնձգությունների, ոստիկաններն ուշ են գլխի ընկել։ Արդյունքում տղամարդկանցից 5-ին հաջողվել է փախուստի դիմել։ Մյուս երեքին, որոնք, այնուամենայնիվ, ձերբակալվել են, բռնաբարության համար մեղադրանք է առաջադրվել։
Հավելենք, որ տուժածին, սակայն, դեռ մեկ այլ պատիժ է սպասվում՝ համաձայն շարիաթի։ Օրինախախտ սիրահարները 9 մտրակի հարված պետք է ստանան։