AraratNews.am-ը ամանորյա հարցազրույցների շարք է սկսել հայ հայտնիների, քաղաքական գործիչների հետ: Մեր զրուցակիցը երգիչ Գոռ Սուջյանն է:
Ինչպե՞ս եք նշելու այս Ամանորը:
Ընտանիքիս հետ:
Նախորդից այն ինչո՞վ է տարբերվելու:
Դեռևս չգիտեմ. Նոր տարուց հետո կիմանամ (ծիծաղում է- խմբ.):
Հատուկ կերակրատեսակ, խմիչք կա՞, կամ ավանդույթ, որին հետեւում եք:
Ավանդույթ չկա, բայց ուտեստները հիմնականում բոլորի մոտ նույնն են. խոզի բուդ, տոլմա, ստալիչնի, բաստուրմա, սուջուխ:
Հիշարժան ուրախ Ամանորը Ձեր կյանքում:
Այն տարիները, երբ Ձմեռ պապիկին դեռ հավատում էի (ծիծաղում է- խմբ.):
Երբեւե եղե՞լ է, որ Ձեր երեխաների համար կամ ընդհանրապես Ձմեռ պապիկ լինեք:
Դեռևս ոչ:
Ամանորյա նվերները Դո՞ւք եք ընտրում, թե՞ վստահում եք ուրիշին:
Այո, ես եմ ընտրում:
Ձեր մասնակցությունը՝ ամանորյա սեղանի պատրաստմանը կամ ամանորյա գնումներին:
Պատրաստությանը մասնակցում եմ խմորեղենները պատրաստելու մասով: Ես ինքս պատրաստում եմ միկադո և թխվածքաբլիթներ: Դե, գնումներին էլ, բնականաբար, մասնակցում եմ:
Ինչպիսի՞ նվերներ եք սիրում ստանալ եւ տալ Ձեր հարազատներին:
Իրականում ավելի շատ սիրում եմ նվիրել, քան ստանալ: Իսկ թե ինչպիսի նվերներ՝ կախված է տվյալ մարդուց:
Ինչքա՞ն գումար եք ծախսում Ամանորին:
Ինչքան որ կարիք լինի:
Ձեր մանկության Նոր տարին եւ այսօրվանը շա՞տ է տարբերվում, այն ժամանակ էր տպավորիչ, թե հիմա, ի՞նչն է ավելի կամ պակաս:
Այո, շատ է տարբերվում: Իհարկե, սոցիալապես բարելավվել ենք բոլորս, բայց պակասել է մտերմությունը և ջերմությունը: Դժվար տարիներին ավելի հեշտ էր ամեն ինչ, եթե մեկն ուներ մի խնձոր, ապա կիսում էր բոլորի հետ:
Ո՞ւմ եք առաջինը զանգահարում, շնորհավորում Ամանորի գիշերը:
Ծնողներին:
Ո՞ւմ եք առաջինը այցելում՝ Նոր տարին շնորհավորելու:
Ամեն տարի՝ տարբեր:
Պատկերացնո՞ւմ եք Ամանորը՝ առանց բլինչիկի, խոզի բդի, տոլմաների, ստալիչնիի: Եթե այո, ապա դրանց ինչը պետք է փոխարինի:
Նոր տարին, կարծում եմ, միայն ուտեստների փառատոն չէ: Դա նաև մեզ վերանայելու, մեր անցյալում սխալները թողելու և ապագայում նորոգվելու տոն է (ծիծաղում է- խմբ.):
2020 թվականը սպիտակ առնետի տարի է: «Առնետից» ի՞նչ եք ակնկալում:
Նոր տարին ինձ համար սկսվում է Christmas-ից՝ այսինքն Սուրբ Ծնունդից: Իմ սպասելիքներն Աստծուց են, այլ ոչ թե տարատեսակ կենդանիներից: Իսկ առնետից ակնկալում եմ այն, որ լավագույն դեպքում կհայտնվենք աղբանոցում (խմբ. ծիծաղում է):
Զրուցեց Օլյա Շահինյանը