Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը մեկնաբանել է Իտալիայի դեմ հանդիպումից (1:9) հետո իր խոսքերը, երբ ասել էր, որ դա Հայաստանի ազգային հավաքականը չէր, այլ պարզապս հավաքական էր: Այս մասին գրում է ArmFootball.com-ը։
«Արձագանք է ստացել, որ որ ես ասել եմ` ազգային հավաքական չէ, այլ հավաքական է: Պաշտոնապես հայտարարում եմ, որ դա ուղղված չի եղել ազգային հավաքականի որևէ ֆուտբոլիստի և ընդհանուր ազգային հավաքականին, այլ ուղղված է եղել զուտ կազմակերպչական մոտեցումներին:
Ըստ իս` անթույլատրելի են նման մոտեցումները, որոնց ես ականատես եղա: Նախ` մարզչական շտաբը և ֆուտբոլիստները գտնվում էին, այսպես ասած, անհասկանալի վիճակում, որովհետև ոչ մի բարձր պաշտոնյա ղեկավար չէր մեկնել ազգային հավաքականի հետ Իտալիա` բացի գործկոմի երկու անդամներից` Մարինա Թաշչյանից և Թովմաս Գրիգորյանից:
Գտնում եմ` նման մոտեցումները անհասկանալի և անթույլատրելի են: Պատվիրակության կազմում կային տարբեր ոլորտի մարդիկ, որոնք հանգրվանել էին նույն հյուրանոցում և առնչվում էին ազգային հավաքականի հետ, որը նույնպես համարում եմ ոչ պրոֆեսիոնալ և անթույլատրելի: Իմ արձագանքը եղել է հենց այդ կապակցությամբ:
Եթե խոսեի, պետք է ասեի նույնը: Ես հարգում և գնահատում եմ բոլոր ֆուտբոլիստներին անխտիր, որ նրանք ներկայացնում են ազգը և տալիս են առավելագույնը: Երկրորդ կարծիք չկա»: