Իմ հայտարարությունների մեջ քաղաքական երանգ, իհարկե կա, բայց իրական քաղաքականությունն այն է, երբ պայքարում ես կուսակցության միջոցով իշխանության դեմ և իշխանություն ստանալու համար։ Այսօր լրագրողների հետ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք պահպանում է քաղաքական չեզոքություն, ինչը պահանջում է Հանրային խորհուրդը։
«Իմ բոլոր ելույթները սուր քննադատության հետ միասին իրենց մեջ պարունակում են նաև խորհուրդ»,- ասաց նա։
Մանուկյանն օրինակ բերեց՝ հիշեցնելով Փաշինյանի հայտարարությունը «Արցախը Հայաստանն է և վերջ» արտահայտության հետ կապած․ «Ես հասկանում եմ, որ դա հակասում է ընդհանուր մեր քաղաքականությանը և ոնց կընկալվի ամբողջ աշխարհում, ես հոդված եմ գրում և բացատրում, թե իրականում ոնց է պետք անել։ Ես գտնում եմ, որ դա տեղավորվում է Հանրային խորհրդի աշխատանքների մեջ»։
Արդյոք վարչապետն առաջարկել է Մանուկյանին Հանրային խորհրդում Արցախի հարցով քննարկումներ անցկացնել՝ հարցին պատասխանելով՝ նա նշեց, որ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ վարչապետն առաջարկել է զրոյից սկսել հանրային քննարկումները Արցախի հարցի շուրջ, բայց, Մանուկյանի խոսքով, դրա կարիքը չկա, քանի որ ժողովուրդն այդ հարցի պատասխանն արդեն տվել է պատերազմին մասնակցելով, հանրաքվեներով։
Ինչ վերաբերում է լուծումներին, ապա նա նշեց, որ Հանրային խորհուրդը չի կարող լուծումներ տալ, կարող է միայն քննարկել։
Իսկ Հանրային խորհուրդը՝ որպես կառույց, իմաստավորվա՞ծ է, ինչո՞վ է հիմա զբաղվում, նախագահը պատասխանեց, որ վերջերս քննարկել են հանրային հուզող՝ Ամուլսարի և Ստամբուլյան կոնվենցիայի հարցերը, Սևանի հարցը։ Ըստ նրա՝ խորհուրդը քննարկում է 15 հանձնաժողովների հետ, ապա հարցն ուղարկում կառավարություն։