Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ թիմում իր ապագան կորոշվի Գերմանիայի գավաթի եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիայի» հետ կայանալիք դիմակայությունից հետո։
«Ես շատ լավ հասկանում եմ, որ «Բավարիայում» ինձնից միայն հաղթանակներ են պահանջում։ Ես կարող եմ դա ընդունել։ Այս մրցաշրջանում մենք արդեն նվաճել ենք երեք տիտղոս, առջևում նաև Գերմանիայի գավաթի եզրափակիչ հանդիպումն է։ Վերջին շրջանում «Բավարիան» իր լավագույն խաղը չէր ցուցադրում՝ հատկապես «Ռեալի» հետ պատասխան մրցավեճում։
Յուրաքանչյուր մարզիչ կարող է կորցնել իր աշխատանքը։ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչից հետո հանդիպելու եմ Մատիաս Զամերի և Կարլ-Հայնց Ռումենիգեի հետ՝ թիմում իմ ապագայի հարցը քննարկելու նպատակով», — ասել է իսպանացի մասնագետը։
Հիշեցնենք, որ Գերմանիայի չեմպիոնի կոչումը ժամանակից շուտ նվաճած «Բավարիային» չի հաջողվել դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ կիսաեզրափակիչում ընդհանուր 0։5 հաշվով զիջելով Մադրիդի «Ռեալին»։