Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը միանշանակ ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը:
« Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները, որոնք բողոքում են երթևեկությունը վերահսկող տեսախցիկների և արագաչափերի դեմ, իմ հաղորդմանը հյուրընկալվել են, հայտնել են իրենց տեսակետը, ես էլի պատրաստ եմ նրանց եթեր տրամադրել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Իսկ փողոց դուրս գալու և պայքարելու մասին Պետրոս Ղազարյանն ավելացրեց. «Մեծ իմաստով՝ ես համաձայն եմ նրանց հետ, հնարավորության դեպքում, իհա´րկե, ես՝ որպես սովորական քաղաքացի, որն իր վրա է զգում այս կյանքի բոլոր ապօրինությունները և դժվարությունները, դուրս կգամ պայքարի»:
Նա նաև մտահոգություն հայտնեց, թե մարդիկ առանց իրազեկվելու տուգանվում են, մարդկանց ունեցվածքն առանց իրենց իմացության կալանքի տակ է դրվում, ինչը Սահմանադրության խախտում է. «Բայց դա օրենքով լուծելի խնդիր է: Ամբողջ խնդիրն այն է, որ այդ գումարը գնում է մասնավորի գրպանը: Անցած երկու տարվա ընթացքում այդ ընկերությունը 11 մլրդ դրամի եկամուտ է ստացել»:
Իրավիճակից ելնելով՝ Պետրոս Ղազարյանը քաղաքապետարանին առաջարկ ներկայացրեց. «Քաղաքապետարանն ասում է, որ այդ գումարի 30%-ը գնում է քաղաքապետարան, 70%-ը՝ մասնավորի գրպանը: Հիմա թող սահմանեն, որ Երևան քաղաքի բոլոր ավտոմեքենաների վարորդները այդ 30% գումարը տարեկան մուծեն քաղաքապետարան: Այդպիսով և՛ բյուջեն կլցվի, և՛ ամեն հատվածում կարմիր գիծ չի լինի, և՛ մեր գումարները չեն գնա ինչ-որ մասնավոր ընկերության գրպանը: Բոլորը կշահեն, ու ինչ-որ մասնավոր չի մտնի իմ և քաղաքապետարանի միջև: Եվ եթե քաղաքապետարանը ցանկանում է մեր շահերը պաշտպանել, թող այդպես անի, ու այդ սարսափելի տույժ ու տուգանքները չեն լինի: Հիմա ես պաշտոնապես առաջարկ եմ անում քաղաքապետարանին՝ եթե իսկապես մեր մասին է մտածում, թող այդպես անի: Այդպիսով մենք էլ նվաստացած չենք լինի, որ ինչ-ոչ մասնավոր մեզ թալանում է: Եթե, իհա´րկե, քաղաքապետարանը չի մտածում «Փարքինգ Սիթի Սերվիսի» մասին»:
Մանրամասները՝ tert.am-ում: