Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստը:
Վարչապետ Փաշինյանը ներկայացնում է կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանն անդրադարձավ բնապահպանական վիճակին. «Ի՞նչ պատճառով ազատվեց բնապահպանության նախարարը. դժգո՞հ էիք նրա աշխատանքից, թե՞ նրան այլ աշխատանք է առաջարկվել»:
Վարչապետը ի պատասխան նշեց.
«Աշխատանքն ինքը բարդ երևույթ է և գալիս են հարցեր, փուլեր, ժամանակներ, երբ որ անհրաժեշտ է լինում կայացնել որոշումներ և կայացվել են որոշումներ: Կարող եմ արձանագրել, օրինակ, որ բնապահպանական ոլորտում, այդ թվում՝ նախարար Գրիգորյանի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ շատ էական հաջողություններ են գրանցվել: 2018 թվականից մինչ օրս փոքր հէկ-երի ջրափոխման խնդիրը գրեթե ամբողջությամբ լուծված է… Գիտեք ինչ՝ ես մի քանի անգամ նման բան ասել եմ. ես չգիտեմ՝ երևի նման հայտարարություններ անելով ես անարդար եմ գտնվում նաև կառավարության անդամների նկատմամբ՝ գոհ եմ, թե գոհ չեմ աշխատանքից: Ես բազմիցս ասել եմ, եթե դուք ինձ հարցնեք՝ ես գոհ եմ իմ աշխատանքից թե ոչ, ես կպառասխանեմ՝ ոչ: Ես իմ աշխատանքից գոհ չեմ: Սա չի նշանակում, որ ես համարում եմ, որ ես պարապ եմ, ոչ մի բան չեմ անում, միջոցներ չեմ ձեռնարկում խնդիրները լուծելու համար, բայց ես ուզում եմ ինքս և մյուսները ու մենք բոլորս միշտ անենք ավելին՝ նույնիսկ ավելին, քան հնարավոր է, նույնիսկ ավելին, քան անհնար է, որովհետև ես հավատում ենք, որ մենք ի վիճակի ենք անել անհնարը, որովհետև 2018 թվականին մենք արել ենք անհնարը»:
Միևնույն ժամանակ վարչապետն ընդգծեց, որ ոչ բոլոր խնդիրներն են կատարվել և ոչ բոլոր խնդիրներն են գերակատարվել, բայց ոչ բոլոր խնդիրներն են թերակատարվել և ոչ բոլոր խնդիրներն են, որ ընդհանրապես մնացել են առանց կատարման.
«Այստեղ գիտեք, ինչ էլ միշտ էլ ասենք՝ մենք բոլորս մարդիկ ենք և մենք բոլորս բացի ընկալման օբյեկտիվ հատվածից, ունենք ընկալման սուբյեկտիվ հատված, այդ թվում՝ նաև պաշտոնյաները, այդ թվում նաև վարչապետը և այդ թվում նաև նախարարը: Եվ զարգանում են իրավիճակներ, երբ պետք է կայացնել որոշում և այդ կայացված որոշումը չի նշանակում, որ կամ ամեն-ինչ գերակատարվել է, կամ ամեն-ինչ թերագնահատվել է: Ճշմարտությունը երևի ինչ-որ տեղ մեջտեղում է»: