Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ հրաժարական է տալու նոր նախագահ Գիոգի Մարգվելաշվիլու` նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո: Սակայն շատ քննադատներ ասում են, որ այս քայլով Իվանիշվիլին իրականում իր համար հնարավորություն է ստեղծում իր ձեռքերում պահել նոր նախագահի «սանձերը»: Իվանիշվիլու` «ազգի հայր» դառնալու վերաբերյալ հոդված է հրապարակել ֆրանսիական Le Figaro-ն:
Հոդվածագիրը նշում է, որ Իվանիշվիլին «մարդ գաղտնիք» է: Ասում են, որ նա երկիրը ղեկավարում է հոլդինգի օրինակով, քանի որ նախկինում նա օլիգարխ է եղել: 1990-ականներին նա մեծ կարողություններ է վաստակել Ռուսաստանում և դարձել է Վրաստանի ամենահարուստ մարդը: Նա ունի էքսցենտրիկ բնավորություն: Նրա առանձնատան բակով զբոսնում են զեբրեր և ֆլամինգոներ, իսկ Թբիլիսիի վիլլայում կա հսկայական ակվարիում, որի մեջ լողում են շնաձկեր և տրոպիկական ձկներ:
«Վարդերի հեղափոխությունից» հետո Իվանիշվիլին ֆինանսավորել է Սաակաշվիլուն, սակայն տարիներ անց նրանց միջև հակասություններ են առաջացել: Բացի այդ, Միշան անընդհատ նյարդայնացնում էր Կրեմլին, իսկ Իվանշվիլին գիտեր ռուս առաջնորդի կասկածամիտ և վրեժխնդիր բնավորության մասին:
2011 թվականին Իվանիշվիլին կարճ ժամանակում վաճառեց Ռուսաստանում իր բոլոր ակտիվները և մտավ քաղաքականություն: Ազատելով Վրաստանն «ավտորիտար» մտածելակերպով Սաակաշվիլուց, ով ըստ Իվանիշվիլու` ձգտում էր դառնալ բռնակալ` բոլորին նետելով բանտերը, Բիձինան իր խնդիրը լուծված է համարում: Ինչպես և Սաակաշվիլին, Իվանիշվիլին նույնպես ձգտում է դառնալ Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ, սակայն միաժամանակ «սիրաշահելով» Կրեմլին, այդ է պատճառը, որ նա ժամանակ է ձգում` չբացառելով Եվրասիական միությանը միանալու հնարավորությունը:
«Ես ռուսներին լավ գիտեմ, սակայն դժվարությամբ եմ հասկանում նրանց ղեկավարներին: Ակնհայտ է, որ հարաբերությունների բարելավման համար շատ ժամանակ է անհրաժեշտ», — Իվանիշվիլու խոսքերն է մեջբերում Le Figaro-ի հոդվածագիրը: