Հայտնի հոլիվուդյան դերասանուհի Դեմի Մուրը խոստովանել է, որ 15 տարեկանում նրան բռնաբարել է մոր ծանոթը։ Ավելին, դերասանուհու մայրը, հենց բռնաբարողի խոսքով, համաձայնել է, որ իր աղջկա հետ նման բան անեն որոշակի գումարի դիմաց։ Դերասանուհու խոսքերը փոխանցում է armeniasputnik.am-ը՝ նշելով, որ Մուրը այս մասին պատմել է Good Morning America հայտնի հաղորդման եթերում:
Դերասանուհու խոսքով` մայրը` Վիրջինիա Քինգը, ալկոհոլային կախվածություն է ունեցել։ Ամուսնու հեռանալուց հետո նա տղամարդկանց ուշադրությունը գրավելու համար դստերն իր հետ գիշերային ակումբներ է տարել։
Դերասանուհին հիշում է՝ 15 տարեկան է եղել, երբ տուն վերադառնալով` այնտեղ տեսել է անծանոթ տղամարդու։ Նա բռնաբարել է Մուրին, իսկ ավելի ուշ հարցրել. «Ի՞նչ ես զգում, երբ մայրդ քեզ վաճառում է 500 դոլարով»։
Մուրը սարսափելի դավաճանություն է համարում մոր կատարածը՝ հավելելով, որ մայրն իրեն լուրջ հարված է հասցրել։ Նա այդ հիշողությունները ներկայացրել է «Inside Out» հուշերի գրքում։
Նշենք, որ Դեմի Մուրը առավել հայտնի է «Ուրվական» և «Անպարկեշտ առաջարկ» ֆիլմերից: