Այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հերթական նիստում ունեցած ելույթում զգուշացրել է Թուրքիայում հնարավոր պետական հեղաշրջման մասին։ Հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը։
«Ժողովրդավարությունը Թուրքիայում վտանգված է։ Եթե չկանգնեցնենք խմբավորումներին, ովքեր փորձում են թուլացնել կառավարությանը, ապա այդ գործողություններն ապագայում կրկնվելու են։ Այս իրադարձություններն ուղղված են տեղական ընտրությունների տապալմանը, ինչպես նաև կա վտանգ, որ նրանք կփորձեն երկրում պետական հեղաշրջում իրականացնել», — ասել է Էրդողանը։
Սակայն վերջում վարչապետը վստահեցրել է, որ Թուրքիային կհաջողվի լուծել բոլոր այդ խնդիրները։
Հիշեցնենք, որ կոռուպցիոն սկանդալի հետևանքով դեկտեմբերի 17-ին ձերբակալվել է 5 տասնյակից ավել մարդ, ինչին հետևել են այսգործի քննությամբ զբաղվող պաշտոնյանների զանգվածային հեռացումները ոստիկանության շարքերից, ինչը համարում են թուրքական կառավարության պատասխան քայլն իրավապահների սկսած գործողությունների դեմ։
Հիմնականում Ստամբուլում անցկացված լայնածավալ գործողության ժամանակ ձերբակալվել էին Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի, ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերի և քաղաքաշինության ու շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարի որդիները, իրանական ծագմամբ ադրբեջանցի գործարար Ռըզա Զարրաբան, պետական «Հալքբանկի» գործադիր տնօրեն Սուլեյման Ասլանը և այլոք։ Նրանք մեղադրվում են Ստամբուլում կաշառքի դիմաց շինարարություն կատարելու, այլ ֆինանսական բնույթի հանցագործությունների համար։