տուն Լուրեր «Ժողովուրդ». Փաստաբանների դժգոհությունն ու դատավորների լավատեսությունը

«Ժողովուրդ». Փաստաբանների դժգոհությունն ու դատավորների լավատեսությունը

111
0

Ժողովուրդ

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ քննարկումնները դեռեւս շարունակվում են, իսկ փաստաբանների մտահոգությունները օր օրի ավելանում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, որ այս օրերին իրենք փորձում են նախագծի շուրջ առաջացած տեսակետներն ու մտահոգությունները հասցնել ԱԺ պատգամավորներին:

Հիշեցնենք, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել դեռեւս 2012թ. սեպտեմբերի 14-ից, սակայն այդպես էլ չի մտել ԱԺ մեծ օրակարգ:  Ավելին, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները  նախագծի շուրջ դեռ ներքին քննարկումներ են իրականացնում:

Իսկ թե օրենքի որ փոփոխությունն են փաստաբաններն առավել վտանգավոր համարում, եւ ինչ քայլեր են իրականացնում՝ իրավիճակը շտկելու համար, փորձեցինք պարզել նրանցից:

Փաստաբան Երվանդ Վարոսյանի խոսքով` ամենավտանգավոր կետը մեղադրյալի խոստովանական ցուցմունքի դեպոնացման հնարավորության սահմանումն է.«Սրա արդյունքում հեղինակներին ստիպելու են նախաքննական մարմիններին կենտրոնանալ մեղադրյալի խոստովանական ցուցմունքի վրա, առաջին օրերին ամեն կերպ ստանալ նման ցուցմունք, դեպոնացնել ու գործը համարել ավարտված: Նախաքննության առաջին օրերին մեղադրյալները հիմնականում գտնվում են նախաքննական մարմինների լիակատար ազդեցության տակ, եւ  նման կարգավորմամբ մեղադրյալի ցուցմունքները ոչ միայն դառնալու են «ապացույցների թագուհի» (37 թիվ), այլեւ քրեական դատավարությունն, ըստ էության, ավարտվելու է դեռեւս չսկսած, առաջին իսկ օրերին, դեպոնացումից անմիջապես հետո»:

Ըստ փաստաբանի` նախագծի հեղինակներն ասում են, թե դատավորի մոտ դեպոնացումը  երաշխիք է, որ խոշտանգումները կնվազեն: «Նախ՝ մեկ- երկու դատավորներ կան, որ տեսնելով վնասվածքները, ընթացք կտան դրանց, կամ կհրաժարվեն դեպոնացնել (նրանց կանվանեն գործ փչացնող հակապետական տարր), մյուսները ձայն չեն էլ հանի: Բացի այդ, խոսքը չի գնում միայն խոշտանգումների մասին, առաջին օրերին առանց խոշտանգելու էլ` խիստ հոդվածով մեղադրանք չառաջադրելու, մեղմ խափանման միջոց կիրառելու խոստում տալով էլ քննչական մարմինն ինչ ցուցմունք ուզի կստանա: Այդ դեպքում դատավորն անգամ եթե ուզի, չի էլ կարող հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել նախքան դեպոնացումը»:

Նրա խոսքով՝ արդեն 3 տարի է, ինչ Փաստաբանների պալատի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը մասնակցում է նախագծի շուրջ պարբերաբար կազմակերպվող քննարկումներին, եւ այս հարցը մշտապես բարձրացվել է բոլոր հանդիպումների ժամանակ. «Բացի այդ, բազմաթիվ անգամ փաստաբանների պալատը առանձին գրավոր առարկություններ է ուղարկել աշխատանքային խմբին, որտեղ այս հարցը եւս բարձրացված է եղել, սակայն  անարդյունք: Հիմա էլ աշխատանքները շարունակում ենք՝ փորձելով մեր տեսակետները հասցնել ԱԺ պատգամավորներին»,- ասաց Վարոսյանը՝ հավելելով, թե որոշ կետերի, դրույթների վերաբերյալ նախագիծը փոփոխվել է, բայց կարեւորագույն կետերը, որոնք իրենց կողմից ամենավտանգավորն են համարվում, Էապես փոփոխություն չեն կրել:

Իսկ ահա փաստաբան Հովիկ Արսենյանի խոսքով՝ օրենքի գերակայության բացակայության պայմաններում օրենք ընդունելը մեկ բան է, կյանքի կոչելը՝ մեկ այլ բան. «Կամք եւ ցանկություն է պետք հատկապես իրավապահ մարմիններին, դատական իշխանություններին՝ այն իրականացնելու համար»:

Չնայած փաստաբանների լուրջ մտահոգությանը, ՀՀ դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանի խոսքով՝ օրենքը մինչեւ չաշխատի, չեն կարող նրա վատ կամ լավ կողմերը բացահայտել. «Այն բավականին ծավալուն է եւ կոնստրուկտիվ փոփոխության է ենթարկվում: Ավելին՝ կարելի է ասել՝ ավելի եվրոպականացվում է եւ եվրոպական զարգացած երկրների օրինակներ կան այնտեղ»:

Հավելենք, որ եվրոպացի շատ մասնագետներ բացասական կարծիք են արտահայտել այս նախագծի շուրջ՝ պնդելով, որ նախագիծը վտանգավոր դրույթներ է պարունակում: Թերեւս սրանով է պայմանավորված, որ օրինագծը 2012-ից ԱԺ-ում է՝ դեգերելով մի քառօրյայից մյուսը:

 

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը